ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել. Սպիտակ տան հուշերը» սկանդալային գիրքը, վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերություններին վերաբերող հարցերով պայմանավոված, հայտնվել է նաև թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։
Բոլթոնը իր գրքում հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել Թուրքիայի կողմից հետախուզվող ազգությամբ թուրք, իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի, ինչպես նաև ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի մասին, որ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո կալանավորվել էր այդ երկրում և թուրք-ամերիկյան երկարատև բանակցություններից հետո, ինչպես նաև անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշման ներքո ազատ էր արձակվել և վերադարձել ԱՄՆ։
Բոլթոնը, պատճառաբանելով, թե ինչու ամերիկյան իշխանությունները, այդպես էլ չարտահանձնեցին Գյուլենին, որ Թուրքիայում մեղադրվում է 2016թ․ ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ, նշում է, որ ամերիկյան ղեկավարությունը այդպես էլ լուրջ փաստեր չստացավ թուրքական կողմից, որոնք կապացուցեին Գյուլենի մասնակցությունը հեղաշրջման փորձին։ Եվ բացի այդ էլ, ԱՄՆ-ն որևէ անօրինական երևույթ չնկատեց Գյուլենի գործունեության մեջ առհասարակ։
«Թրամփը առանձնապես շատ բան չգիտեր գյուլենական շարժման մասին։ Չեմ կարծում, որ սա մի բան էր, որ նա ուշիուշով ուսումնասիրել էր», -գրում է Բոլթոնը։
Անդրադառնալով Բրանսոնի հարցին` Բոլթոնը նշում է, որ նրան թուրքական իշխանությունները ազատ արձակեցին միայն այն պատճառով, որ խուսափեն ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցներից։ Նրա խոսքով՝ այդ հարցում Թրամփը բավական վճռական էր տրամադրված։ Բոլթոնը գրքում խոստովանում է, որ Բրանսոնը որևէ կերպ առնչություն չուներ Թուրքիայում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների հետ։
«Կարծում եմ, որ Էրդողանը շատ լավ հասկանում էր, թե ինչ վատ հետևանքներ կլինեին Թուրքիայի համար, եթե Բրանսոնը ազատ չարձակվեր»,-նշել է Բոլթոնը։







































