Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև, այսօրվանից՝ օգոստոսի 16-ից, գործարկվել է հեռախոսային կապը: Այն գործարկվել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնության մասին:
Նախկինում զանգեր կատարելու փորձի ժամանակ արաբերեն և անգլերեն հաղորդագրություն էր միանում այն մասին, որ հնարավոր չէ կապ հաստատել: Հաղորդակցությունը հնարավոր դարձավ ինտերնետ զանգերի միջոցով, բայց հաճախակի խափանումներ էին տեղի ունենում: Ինչպես նշում է Associated Press գործակալությունը, հեռախոսային հաղորդակցության գործարկումն առաջին շոշափելի դրսևորումն էր, որ կողմերը սկսել են շփումներ հաստատել:
Օգոստոսի 13-ին հայտարարվեց երկու երկրների միջև դիվանագիտական կապերի լիարժեք վերականգնման համաձայնագրի մասին: Համաձայնությունները ձեռք են բերվել Միացյալ Նահանգների ակտիվ միջնորդությամբ: Փաստաթղթերում ամրագրված է, որ Իսրայելի ղեկավարությունը կդադարեցնի Հորդանանի Արևմտյան ափին մի շարք տարածքների նկատմամբ անեքսիայի իր պլանի իրագործումը, որը պաղեստինցիները ցանկանում են տեսնել որպես իրենց ապագա պետության մաս:











































