Լիբանանի ՆԳ նախարար Մուհամեդ Ֆահմին կեղծ է անվանել քաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից առաջ Բեյրութի երկնքում իսրայելական ինքնաթիռների հայտնվելու մասին սոցցանցերում տարածվող հաղորդագրությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դրանք պարզապես կեղծ լուրեր են»,- ասել է նախարարը:
Ավելի վաղ Իսրայելի խորհրդարանը հերքել էր Լիբանանում տեղի ունեցած պայթյունին երկրի բանակի մասնակցության մասին տեղեկությունները:
Օգոստոսի 4-ին Բեյրութ քաղաքի նավահանգստում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է, որ պայթյունի պատճառ է դարձել 2750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահեստավորումը: Մոտակայքի, ինչպես նաև պայթյունի վայրից մի քանի կիլոմետր շառավղով գտնվող շենքերի ապակիները կոտրվել են, շինությունների մի մասը քանդվել է:
Պայթյունի զոհ են դարձել ավելի քան 140 մարդ, վիրավորվել է քաղաքի ավելի քան 4 հազար բնակիչ: