Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանի հանդեպ դատական պրոցեսը, որով նա մեղադրվում է Sofitel հյուրանոցի սպասուհու դեմ սեռական բռնություն կիրառելու մեջ, հետաձգվել է օգոստոսի 1-ից մինչև 23-ը:
Այս մասին Reuters-ին հայտնել է Սթրոս Կանի փաստաբանը:
Ավելի վաղ դատական նիստն արդեն հետաձգվել էր հուլիսի 18-ից մինչև օգոստոսի 1-ը:
Նյու Յորքի դատախազությունը հետաձգման մասին լուրը դեռևս չի հաստատել: Հետաձգման պատճառներն էլ չեն հայտնվում:
Հուլիսի սկզբին New York Post թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ դատախազությունը մոտ ժամանակներում կարող է հանել Սթրոս Կանից մեղադրանքները:
Հիշեցնենք, որ Սթրոս Կանը ձերբակալվել է Նյու Յորքում մայիսի 14-ին սպասուհու հանդեպ սեռական բնույթի բռնություն իրականացնելու համար: Մայիսի 19-ին նա հրաժարական է տվել ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնից:









































