Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանը բողոքի նամակ է հղել ՄԱԿ-ին՝ կապված ղարաբաղյան հակամարտությանն առնչվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի արած վերջին հայտարարությունների հետ։
ՄԱԿ-ի մամլո կենտրոնի հաղորդմամբ՝ ադրբեջանական նամակում ուշադրություն է հրավիրված հուլիսի 22-ին ԵԽԽՎ ամբիոնից, Ուկրաինա կատարած պաշտոնական այցի և երիտասարդ սպաների առաջին բանակային կոնֆերանսի ժամանակ Սերժ Սարգսյանի արած հայտարարություններին, որոնցում խոսք է գնում ղարաբաղյան հակամարտության մասին։
Նամակում ընդգծվում է, որ Ադրբեջանն իր կտրուկ բողոքն է հայտնում հայկական կողմի «սադրիչ» գործողությունների ու հայտարարությունների դեմ։ Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանի ղեկավարության ցուցադրական հռետորիկան «նպատակ է հետապնդում» անվստահություն սերմանել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, «խառնաշփոթության մեջ գցել» միջազգային հանրությանը և Հայաստանի բնակչության ուշադրությունը «շեղել» երկրի ներքին խնդիրներից։









































