Ի՞նչ է փոխել Տավուշի սահմանային լարվածությունը Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս հարցին, քաղաքագետ Արման Գրիգորյանը նշեց, որ իր կարծիքով՝ հիմնարար փոփոխություններ տեղի չեն ունեցել Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղություններում, բայց ակնհայտ է, որ տավուշյան միջադեպը նոր իրավիճակ է ստեղծել. «Տավուշի դեպքերից հետո նոր շրջանում Թուրքիայի դրսևորած ագրեսիվությունը մտահոգիչ է և ինչ-որ առումով նոր երևույթ է: Ես խնդիրն այդտեղ եմ տեսնում, ոչ թե Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մեջ: Հայաստանի արտաքին քաղաքականությունը որոշող գործիչների կողմից ես որևէ հայտարարություն չեմ լսել, օրինակ՝ Միսկի խմբից դուրս գալու կամ ռադիկալ որևէ այլ փոփոխության մասին»:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ չափազանց լավատեսական է այն կարծիքը, թե Թուրքիայի դրսևորած ագրեսիվությունը որոշակի հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար: Արման Գրիգորյանի խոսքով՝ Թուրքիան վերջին շրջանում բարձր ռիսկայնություն ունեցող արտաքին քաղաքականություն է որդեգրել տարբեր ուղղություններով և դա որոշակի դիմադրության ու քննադատությունների է հանդիպում: «Թուրքիայի այս քաղաքականությունը կարող է ապակայունացման պատճառ դառնալ տարածաշրջանում, որը չի բխում ՀՀ շահերից»,- ընդգծեց քաղաքագետը: Նա նաև հավելեց՝ Թուրքիան անպատասխանատու ագրեսիվություն է դրսևորում, և տպավորություն է՝ Էրդողանը փորձ է անում ստանձնել իսլամական աշխարհի խալիֆի դերը:
Մանրամասն՝ տեսանյութում: