Թերթը գրում է, որ այս օրերին խոսվում է ԱՄՆ-ում տեխնիկական դեֆոլտի հայտարարման մասին.
«Բնական է, որ մեզ ավելի շատ հետաքրքրում է, թե ԱՄՆ դեֆոլտն ազդեցություն կունենա՞ Հայաստանի վրա: Պետք է ասել, որ անպայման կունենա, և կլինի բացասական: Նախ՝ մեր երկրի տնտեսությունը բարձր դոլարիզացված է և ԱՄՆ տնտեսության մեջ կատարվող ամեն մի տատանում անմիջապես լուրջ ազդեցություն կունենա առաջին հերթին դոլար-դրամ փոխարժեքի վրա: Ընդ որում, կարևոր էլ չէ, թե ազդեցությունն ուղղված կլինի դոլարի արժեզրկմանը, թե արժևորմանը: Կարևորն այն է, որ տատանումը կլինի կտրուկ, դրանից բխող հետևանքներով:
Երկրորդ, ԱՄՆ տեխնիկական դեֆոլտի դեպքում ֆոնդային բորսաներում ներկայիս նյարդայնությունը կփոխարինվի խուճապային տրամադրություններով: Հասկանալու համար, թե դա ինչ է նշանակում, հիշեցնենք, որ 2008-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաճամը, սկսվելով ԱՄՆ անշարժ գույքի շուկայից, միջազգային դարձավ հենց ֆոնդային բորսաներում ստեղծված իրարանցման և խուճապի միջոցով: Դրա հետևանքով ծանր հարված կրեցին մեր տնտեսության այն ճյուղերը, որոնք կախված էին միջազգային շուկայի գներից և ֆինանսական հոսքերից: Մեր հանքարդյունաբերությանը հարվածեց մետաղների գների անկումը, իսկ շինարարությանըՙ ֆինանսական «փուչիկի» պայթելը, որի պատճառով ներդրումներն այստեղ դադարեցին: Ներկայումս մեր շինարարությունն այլևս չունի նախկին ծավալները, բայց հանքարդյունաբերությունը հաստատ կարող է տուժել:
Հաջորդը մեր արտաքին պարտքին է վերաբերում: Եթե մինչև ճգնաժամը արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը բավականին բարենպաստ էր, ապա այժմ, ճգնաժամից պաշտպանվելու համար միջազգային ֆինանսական կառույցներից վերցրած վարկերի պատճառով, այդ հարաբերակցությունը վատացել է, և նոր պարտքեր վերցնելը կարող է վտանգավոր լինել մեր տնտեսության համար: Դրա այլընտրանքը բյուջեի ծախսերը կրճատելն է, որն էլ սոցիալական լուրջ դժգոհություններ կարող է առաջացնել:
Հարկ է նշել ևս մեկ բացասական գործոն՝ մարդկանց սպասումները: ԱՄՆ-ում տեխնիկական դեֆոլտը անվստահության և խուճապային սպասումների մեծ ալիք կառաջացնի ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում: Իսկ խուճապի մեջ հայտնված մարդկանց գործողությունները կարող են բազմապատկել երևույթի բացասական ազդեցությունները»:
«Սակայն իրադարձություններից առաջ չընկնենք, քանի որ ԱՄՆ վերլուծաբանների մեծ մասն այն կարծիքին է, որ երկրի նախագահն ու ընդդիմադիր Հանրապետական կուսակցությունը կգտնեն ինչ-որ փոխընդունելի լուծում, և երկիրը կխուսափի տեխնիկական դեֆոլտից»,- հավելում է «Ազգ»-ը:











































