Ինչպես հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները, ԽՍՀՄ-ում ծնված ամերիկյան դերասանուհի Մարգարիտա Լևիչևան կդառնա Ջեյմս Բոնդի նոր ընկերուհին «գործակալ 007»-ի մասին հերթական` 23-րդ ֆիլմում: Աղբյուրների համաձայն՝ «նոր հերոսուհին պետք է լինի գեղեցիկ, վստահ իր ուժերին և իր մեջ գաղտնիք կրի, իսկ Մարգարիտան օժտված է բոլոր այդ որակներով»: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Լևիչևան 31 տարեկան է, ծնվել է Լենինգրադում և մինչև 13 տարեկանը զբաղվել է մարմնամարզությամբ: 11 տարեկանում նրա ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ, իսկ մինչ այդ Լևիչևան հասցրել է հաղթել մի քանի մրցումներում: Այնուհետև Մարգարիտան ավարտել է Նյու Յորքի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, աշխատել է նորաձևության բիզնեսում:
2004 թվից նա ակտիվորեն նկարահանվում է ֆիլմերում, իսկ 2005 թ. նրա անունը The New York Magazine ամսագրի կողմից մտցվում է Նյու Յորքի 50 ամենագեղեցիկ բնակիչների ցուցակի մեջ: