Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափաման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Նշենք, որ Կուբանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Փաստաբանը «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ քրեական գործում չկա դեմ տրված որեւէ ցուցմունք։ «Քննիչին անգամ խնդրել եմ բացատրել՝ այս մարդն ինչ է արել, որ չպետք է աներ կամ ինչ պետք է աներ, որ չի արել»,- ասել էր Գրիգորյանը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հուլիսի 16-ին միջնորդություն էր ներկայացրել ՀՀ ԲԴԽ՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով: Հուլիսի 17-ին ԲԴԽ-ն բավարարել է միջնորդությունները եւ ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տվել, ինչից հետո ԱԱԾ-֊ն միջնորդություններ էր ներկայացրել դատարան՝ դատավորների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին։
Գ.Նարինյանին կալանավորելու միջնորդությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է:
Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը), ՔՕ 190-րդ հոդվածով (հանցավոր ճանապարհով գույքն օրինականացնելը), ՔՕ 310.1-րդ հոդվածով(ապօրինի հարստանալը), ՔՕ 314.3-րդ հոդվածով (Հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը)։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։












































