Սահմանային լարվածության այս օրերին միանգամայն հասկանալիորեն հետին, երկրորդ պլան մղվեցին ներքաղաքական կյանքին առնչվող գրեթե բոլոր դրվագները՝ հանրության ուշադրությունն ու կամքը, նաև պետական ու տեղեկատվական ռեսուրսը կենտրոնացնելով Տավուշի սահմանագոտու, ինչպես նաև այնտեղ լարվածությունից բխելիք հնարավոր այլ անվտանգային ռիսկերի ուղղությամբ: Այդ հանգամանքը թերևս չունի ավելորդ բացատրության կարիք:
Միևնույն ժամանակ թերևս կա կարիք, անհրաժեշտություն դիտարկելու Հայաստանում ներքին քաղաքական դերակատարների վարքագիծն ու պահվածքը, որովհետև վերջին հաշվով կա պարզ իրողություն՝ քաղաքական դերակատարները չեն բաժանվում ներքին ու արտաքին հատվածների, արտաքին և անվտանգային քաղաքականությունը լոկ իշխանության եկած ուժերի կարգավիճակից բխող պարտականություն կամ մենաշնորհ չէ, և որևէ քաղաքական դերակատար պարտավոր է քաղաքական լինել ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին հարցերում: Ընդ որում, այստեղ հարկ է նկատել, որ քաղաքական լինելը ամենևին չի ենթադրում հայրենասիրական ճառ ու կենաց բանակի, զինվորի, սպայի մասին, աջակցություն թեկուզ լավագույն և անկեղծ մղումով: Այդ ամենը կարևոր է իրավիճակին ոգի հաղորդելու տեսանկյունից, բայց դա չէ քաղաքականությունը: Դա հայրենասիրությունն ու պետականապաշտությունն է, որ դրսևորում են բոլորը՝ քաղաքական որևէ միավորից մինչև երթուղայինի որևէ վարորդ կամ գրասենյակի որևէ գործավար, որոնց առօրյա կյանքը որևէ կապ չունի քաղաքական գործունեության հետ:
Քաղաքական ուժերը տարբերվում են այդ իրավիճակներում քաղաքական դիրքորոշումներով, որոնք ենթադրում են նաև այդ դիրքորոշման համար պատասխանատվություն, այդ թվում՝ թե՛ հասարակության, թե՛ նաև Հայաստանի արտաքին գործընկերների համար: Ի վերջո, կա մի պարզ, կասեինք՝ բանալ իրողություն. այդօրինակ վիճակներում քաղաքական ուժերի քաղաքական վարքագիծը կարևոր է այն պատճառով, որ այդ ուժերը, թեկուզ տեսականում, հավակնում են երբևէ լինել իշխանության կրող՝ ստանալ դրա համար հանրային մանդատ:
Հենց այդ իրադրություններում քաղաքական վարքագիծն ու դիրքորոշումներն են, որ հանրությանը կարող են օգնել ստանալու պատկերացում, թե, օրինակ, այս կամ այն ուժն ինչպես կպահեր իրեն քաղաքական-անվտանգային տեսանկյունից, եթե այդպիսի լարված իրավիճակներում ինքը լիներ կառավարող ուժ: Իսկ բոլորին հայտնի է, որ Հայաստանը դեռևս տասնամյակներ է ստիպված լինելու ապրել անվտանգային այն ռիսկային և մարտահրավերային միջավայրում, որ կա մեր ռեգիոնում: Ի վերջո, մենք չենք ընտրել մեր հարևաններին, փոխել նրանց չենք կարող, հետևաբար կարող ենք միայն պարտադրել նրանց խաղաղություն և պատրաստ լինել որևէ սադրանքի:
Այդպիսով, ինչո՞վ աչքի ընկան Հայաստանի, այսպես ասած, ներքաղաքական կամ քաղաքական կյանքի հիմնական դերակատարները այս օրերին: Ոչ մի բանով: Կամ ավելի շուտ՝ քաղաքական ոչ մի բանով: Իհարկե, չարյաց փոքրագույնն է թերևս, որ նրանք չխանգարեցին, հիմնականում լուռ էին, թեև նրանցից մի զգալի մասի անդամներ, համակիրներ, ֆորմալ և ոչ ֆորմալ սպասարկուներ ոչ միայն չէին լռում, այլև ամբողջ ուժով աշխատում էին Հայաստանի Հանրապետության դեմ՝ թիրախավորելով քաղաքական իշխանությանը, փորձելով սեպ խրել բանակի և քաղաքական ղեկավարության միջև: Այլ կերպ ասած՝ նրանք ռազմական գործողությունների փուլում ուղղակի դարձել էին հակառակորդի քարոզչական դեսանտ Հայաստանում: Ընդ որում, այստեղ արդեն հարցը քաղաքական տիրույթից տեղափոխվում է իրավական և պարզապես քրեաիրավական տիրույթ: Հարցի այդ ասպեկտին անդրադառնալու առիթներ եղել են և դեռ կլինեն:
Քաղաքական գործունեության և պատասխանատվության որևէ այլ դրսևորում, որ կարող էր կապված լինել ռազմաքաղաքական լարված իրադրության հետ, Հայաստանում չի արձանագրվել: Մյուս կողմից՝ դա, իհարկե, որևէ կերպ զարմանալի չէ: Ավելին, եթե չլիներ այդպես, ապա Հայաստանում բացարձակապես չէր լինի որակապես և բովանդակային առումով նոր քաղաքական դասի և դաշտի, քաղաքական նոր վերնախավի ձևավորման անհրաժեշտություն, անգամ հրամայական:
Տավուշում հակառակորդի հանդեպ իր պատժիչ գործողություններով հայկական բանակը ընդամենը հերթական անգամ բացահայտեց թիկունքի ներքաղաքական դատարկությունը:









































