Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մեկնարկային օրը Հայաստանի ներկայացուցիչները 2 մեդալ նվաճեցին: 66-74 կգ քաշային կարգում հանդես եկող Ռաֆիկ Մանուկյանը հաղթանակ տոնեց հինգ գոտեմարտերում և հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Նշենք, որ հայ ըմբիշը քառորդ եզրափակիչում առավելության հասավ թուրք Իսմայիլ Քոցասլանի նկատմամբ, իսկ եզրափակիչում պարտության մատնեց Վրաստանի ներկայացուցիչ Զուրաբի Դատունաշվիլիին:
Մինչև 50 կգ քաշային կարգում Ռուդիկ Մկրտչյանը նվաճեց բրոնզե մեդալ: Այս քաշային կարգում հաղթող ճանաչվեց ադրբեջանցի Վիլայաթ Գահրամանլին:
Աշախարհի առաջնության մեկնարկային օրվա ավարտին Հայաստանը 1 ոսկե, 1 բրոնզե մեդալով գլխավորում է հավաքականների աղյուսակը: Երկրորդ և երրորդ տեղերը մեկական ոսկե մեդալով կիսում են Ուզբեկստանի և Ադրբեջանի հավաքականները: Վրաստանը նվաճել է 1 արծաթ և 1 բրոնզ ու զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: