«Առաջին լրատվականի» հետ զրույցում ԵՊՀ սոցիալական հոգեբանության ամբիոնի դոցենտ Վլադիմիր Միքայելյանից փորձեցինք պարզել՝ ի՞նչն է պատճառը, որ վերջին շրջանում ուժգնացել են հայ եկեղեցու նկատմամբ սկսված հասարակական արդի տրամադրությունները: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ երբ հոգևոր պահանջմունքների բավարարումը վտանգվում է, այդ ժամանակ հասարակության և հատկապես երիտասարդության շրջանում նկատվում է նման տրամադրությունների աճ, քանի որ վերջիններս տեսնում են, որ եկեղեցին դադարել է լինել իրենց հոգեկան պահանջմունքների բավարարման աղբյուրը:
«Երիտասարդությունը չի գտնում իր հոգևոր պահանջմունքների բավարարման աղբյուրը»,- ասաց հոգեբանը՝ նշելով, որ այդ դեպքում առաջանում է «ներքին հոգեկան կոնֆլիկտ:
Նրա խոսքով, քրիստոնեության էությունը ծեսերի մեջ չէ, դա մարդու ոգեղենությունը ձևավորող սկզբունք է, ինքնությունը ձևավորող անհրաժեշտություն: «Երբ կա հզոր պահանջմունք, այդ ներքին կոնֆլիկտը կարող է արտահայտվել ագրեսիայով, մեկուսացմամբ: Մյուս կողմից էլ՝ քրիստոնեական արժեքների ընդունումը, փիլիսոփայությունը պահանջում են հասունություն ու տարիք»,- խոսքը եզրափակեց Վ.Միքայելյանը:










































