«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպական քաղաքականության կենտրոնի վերլուծաբան Ամանդա Փոլը։
– Ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան բանակցային գործընթացը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո:
– Կազանի հանդիպումը ծրագրվածին համաձայն չընթացավ: Դա շատ հուսահատեցնող էր, որովհետև միջազգային հանրությունը մեծ հույսեր էր կապում այդ հանդիպման հետ` կարծելով, որ հիմնարար սկզբունքների շուրջ որևէ առաջընթաց կլինի, ինչը տեղի չունեցավ: Բանակցությունները կրկին բացասական ուղղությամբ են զարգանում, և Հայաստանն ու Ադրբեջանը իրար են մեղադրում հանդիպման ձախողման մեջ:
– Բացասական ասելով ի՞նչ նկատի ունեք: Ի՞նչ է սպասվում:
– Բացասական եմ գնահատում Կազանի հանդիպման և դեռևս դրանից մի ամիս առաջ սկսված զարգացումները: Թվում էր, թե առաջընթացի համար հող էր նախապատրաստվում, բայց հիմա մենք երկու քայլ հետ գնացինք:
– Ինչո՞վ էին պայմանավորված միջազգային հանրության հույսերը Կազանի հանդիպումից: Չէ՞ որ ոչինչ չէր փոխվել ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմում:
– Հույսը պայմանավորված էր այն հանգամանքով, որ նախորդ երկու հանդիպումները դրական էին գնահատվել: Թվում էր, թե կողմերը համաձայնության կգան օրակարգ սահմանելու հարցում, եթե ոչ մեծ համաձայնություն, բայց գոնե ամեն ինչ բավականին լավ էր ընթանում դեպի առաջընթաց: Բացի դա, միջազգային հանրությունը շահագրգռված էր հաջողության հասնել` մինչև ընտրությունների սկսվելու շրջանը: Եվ իհարկե, Կազանից մի օր առաջ Բարաք Օբաման զանգահարել էր և հույս հայտնել, որ Կազանում առաջընթաց կգրանցվի: Ես պետք է ասեմ, որ միշտ էլ չեմ հավատացել, որ նման բան կպատահի, քանի որ հասարակությունները պատրաստ չեն կարգավորման սկզբունքները քննարկելուն:
– Ռուսաստանի նախագահ Մեդվեդևը առաջարկներ է ներկայացրել երկու կողմերին: Մի քանի օր առաջ Ադրբեջանը պատասխանել է նրա առաջարկին, օրերս էլ Հայաստանն է նամակ ուղարկել Մեդվեդևին: Ի՞նչ կարող է Մեդվեդևն առաջարկել Կազանի ձախողումից հետո` հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը հայտարարեց, որ 10 նոր կետեր պետք է ներառվեն Մադրիդյան սկզբունքներում:
– Ցավոք, ես գաղափար չունեմ, թե ինչ առաջարկներ է Մեդվեդևը ներկայացրել: Կարծում եմ` քչերը գիտեն: Բայց նա հայտարարեց, որ ցանկանում է երկու կողմերի մոտեցման մեջ փոփոխություն տեսնել, և մեկ այլ հանդիպում անցկացնել հիմնական սկզբունքները ընդունելու համար: Հնարավոր է, որ այդ մասին նա շեշտել է նաև իր նամակում և այն, որ եթե արդյունք չլինի, Ռուսաստանը կդադարի միջնորդի դեր ստանձնել:
– Ո՞վ կփոխարինի Ռուսաստանին այդ դեպքում: Եվրամիության` ընդարձակման և Արևելյան գործընկերության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն պատրաստակամություն է հայտնել, որ ԵՄ-ն կարող է ֆինանսական աջակցություն ցույց տալ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում: Ի՞նչ դեր ունի բանակցութունների ներկա փուլում ԵՄ-ն:
– Այդ հայտարարությունը նոր չէ: Երկար ժամանակ է, ինչ այդ մասին ասում են: ԵՄ-ն ֆինանսավորում է քաղաքացիական հասարակության ծրագրերը երկու երկրներում: Սակայն իմ փորձառությունն ինձ հուշում է, որ ԵՄ-ից հակամարտության լուծման ոչ մի նոր ծրագիր չի կարելի սպասել: Չեմ կարծում, որ ԵՄ-ն գիտի, թե ինչ պետք է անել այս փուլում:
– Ի՞նչ եք կարծում` որ երկիրը կարող է փոխարինել Ռուսաստանին` բանակցություններում նախաձեռնողի դերում:
– Անկեղծ ասած, կարծում եմ` դա կարող է լինել ԱՄՆ-ը: Չեմ կարծում, որ որևէ այլ երկիր կարող է դա անել` Իրանը, Թուրքիան կամ ուրիշ որևէ մեկը: ԱՄՆ-ը կարող է լինել միակ պետությունը, որ կարող է կողմերին մղել համաձայնության: Բայց ես չեմ կարծում, որ Ռուսաստանը հրաժարվի միջնորդի դերից: Չեմ կարծում նաև, որ ԱՄՆ-ն ուզում է ավելի մեծ դեր ունենալ Հարավային Կովկասում, որովհետև շատ զբաղված է այլ տարածաշրջաններում: Այդուհանդերձ, չեմ կարծում, որ որևէ այլ երկիր, Մինսկի խմբի համանախագահող երկրներից բացի, կարող է ներխուժել բանակցությունների մեջ, դա անհավանական է: Ակնհայտ է, որ Ադրբեջանն է դիմել ԵՄ-ին ավելի ներգրավվելու Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում, դա Հայաստանին ձեռնտու չէ, որովհետև Հայաստանին գոհացնում է ներկա փուլը: Ադրբեջանի այդ ցանկությունը շատ բացահայտ երևում է մի քանի մեկնաբանություններից, որ արվել էին մինչև Կազանի հանդիպումը: Բայց, ինչպես ասացին, ԵՄ-ն պատրաստ չէ ավելի մեծ պարտականություններ ստանձնելուն:
– Կարծում եք` առանց ստիպելու ու ճնշում գործադրելու հակամարտության լուծման հնարավոր չէ՞ հասնել:
– Խնդիրը միայն ԼՂ հարցի լուծումը չէ, այլև Ադրբեջանի տարածքի օկուպացված լինելը, ինչն անընդունելի է: Կարծում եմ, երկու կետերը պետք է բաժանել` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարց և գրավյալ տարածքների հարց:
– Առաջիկայում նոր զարգացումների հույսեր կա՞ն:
– Նոր հանդիպման հնարավորությունը կախված է նախագահ Մեդվեդևի նամակից, որի բովանդակության մասին ոչ ոք չգիտի: Կարծում եմ` հանդիպումից հետո նախագահները չպետք է խոսեն ու հարցազրույցներ տան ԶԼՄ-ներին, դա, կարծում եմ, արժեզրկում է հանդիպումը: Հենց այդպես եղավ Կազանի հանդիպումից հետո:








































