Արգելքները շատ են, մարդկանց վրա թանկ է նստում․ ինչպես կարող են ՀՀ քաղաքացիները մեկնել Եգիպտոս և Դուբայ

Նոր տեսակի կորոնավիրուսի՝ COVID-19 համավարակի պատճառով աշխարհում դեռ երկար ժամանակ զբոսաշրջության ոլորտը չի կանոնակարգվի ու վերականգնվի։ Իհարկե, երկրները զբոսաշրջային այս սեզոնին որոշում են կայացրել բացել սահմանները, ընդունել զբոսաշրջիկների, սակայն պահանջները բավական խստացվել են։ Զբոսաշրջային ուղղություններից մեկը, որը ՀՀ քաղաքացիները շատ են սիրում, Եգիպտոսն է։ Այն ևս բացել է իր սահմանները, այդ թվում՝ Հայաստանի համար։ Եգիպտոս մուտք գործելու համար զբոսաշրջիկները միայն ջերմաչափվում են։

ՀՀ-ից դեպի Եգիպտոս առաջին թռիչքը նախատեսված է հուլիսի 18-ին։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Շելբի տուր» ընկերության տնօրեն Մարինա Ավետիսյանը։ Վերջինս նշեց, որ չվերթն իրականացնելու է AMC AIRLINES ընկերությունը։

Մարինա Ավետիսյանի տեղեկացմամբ՝ դեպի Եգիպտոս, ավելի կոնկրետ՝ Շարմ Էլ Շեյխ և Հուրգադա չվերթներ են նախատեսած համապատասխանաբար հուլիսի 25-ից և 26-ից սկսած՝ FLY EGYPT ավիաընկերության կողմից։

«Մարդիկ շատ են ուզում գնալ Եգիպտոս, բայց սոցիալական վիճակից ելնելով չեն կարողանում։ Համավարակը շատ է ազդել մարդկանց սոցիալական վիճակի վրա։ Բնակչության շատ քիչ տոկոսն է, որ կարող է իրեն այս պահին թույլ տալ Եգիպտոս գնալ։ Մոտ 7-10 տոկոսն է, որ և՛ գումար ունի, և՛ ցանկություն Եգիպտոս կամ այլ երկիր մեկնելու։ Արգելքները շատ են, մարդկանց վրա թանկ է նստում։ Տեղից էլ փաթեթները էժան չեն, դրան գումարած մնացած ծախսերը»,- նշեց Մարինա Ավետիսյանը։ Տուրիստական ընկերության տնօրենի փոխանցմամբ՝ հուլիսի 18-ի չվերթի համար իրենք արդեն 5 փաթեթ վաճառել են։

Մեր զրուցակցի խոսքերով՝ Եգիպտոսում այս պահին համաճարակային կանոնները բավական խիստ են պահպանվում, ֆիզիկական հեռավորությունը պահպանվում է, հյուրանոցները գերծանրաբեռնված չեն, հատուկ թվաքանակ է սահմանված, որից ավելի չեն կարող ընդունել։ Մեկ խոսքով ասած՝ ավելի խիստ, քան նախկինում էր։

Փաթեթների գնային քաղաքականության մասով, Ավետիսյանը նշեց՝ Շարմ Էլ Շեյխում հինգաստղանի հյուրանոցում մեկ անձի արժեքը տատանվում է 240- 300 հազար դրամի սահմանում։

Այստեղ մեկ այլ կարևոր հարց կա։ Եգիպտոսից կամ այլ զբոսաշրջային երկրից վերադարձած քաղաքացիները գտնվելո՞ւ են մեկուսացման մեջ, թե՞ ինքնամեկուսացվելու են։ Մարինա Ավետիսյանը ասաց, որ ճամփորդությունից վերադառնալուց հետո քաղաքացիները պարտադիր ինքնամեկուսացվելու են, ինչպես նաև ընթացքում կատարելու են հակահամաճարակային կանոններից բխող մնացած գործողությունները, այդ թվում նաև հնարավոր է թեստավորում։

«Շելբի տուր» ընկերության տնօրենը անդրադարձավ նաև զբոսաշրջային մեկ այլ ուղղության՝ Դուբային, որը հուլիսի 7-ից իր դռներն է բացել օտարերկրյա զբոսաշրջիկների համար։ Սակայն, ի տարբերություն Եգիպտոսի, Դուբայում ամեն ինչ ավելի բարդ է։ Նշվում է, որ Դուբայ ժամանածները 96 ժամվա ընթացքում պետք է անցնեն վարակի ստուգում և ներկայացնեն թեստի արդյունքներն ինքնաթիռ բարձրանալիս: Հակառակ դեպքում՝ ուղևորները թեստ են հանձնելու երկիր ժամանելուն պես: Մինչև արդյունքը չստանան, նրանք կմնան ինքնամեկուսացման մեջ:

Միևնույն ժամանակ, զբոսաշրջիկները պետք է ունենան արտերկրում ճանապարհորդելու համար հատուկ «Քովիդ» ապահովագրություն, որը կհատուցի կորոնավիրուսով վարակվելու ժամանակ բուժման բոլոր ծախսերը: Մարինա Ավետիսյանն ասաց, որ այդ միջազգային «Քովիդ» ապահովագրությունը Հայաստանում չկա, հավանաբար ձեռնտու չէ։ Միջազգային շուկայում դրա գները տատանվում են 200-300 դոլարի սահմանում։ ՀՀ քաղաքացիները, եթե ցանկանում են, անկախ բոլոր դժվարություններից, մեկնել Դուբայ, ՀՀ-ում կան միջնորդ կազմակերպություններ, որոնք օգնում են այդ «Քովիդ» ապահովագրությունը ստանալու հարցում։

«Հիմա պատկերացրեք, 80 դոլար վիզայի գումար, 300 դոլար միջազգային «Քովիդ» ապահովագրություն, դրան գումարած փաթեթները, որոնք մատչելի չեն։ Մարդկանց համար շատ է դժվարանում Դուբայ հանգստի մեկնելը։ Բացի դրանից՝ երկրում պահանջում են մինչև մեկնելը հեռախոսի մեջ ունենալ հատուկ App, որի միջոցով իրենք կկարողանան տեսնել իրենց երկիր մուտք գործել ցանկացող մարդու տվյալները»,- մանրամասն ներկայացրեց ընկերության տնօրենը՝ հավելելով, որ բոլոր այն երկրները, որոնք գտնվում են կարմիր գոտում, այս դժվարությունների միջով անցնում են։ Տվյալ պարագայում, Հայաստանը շատ «կարմիր է»։

Այս բոլոր դժվարություններին միանում է նաև ճանապարհը։ Դուբայ հասնելու համար ՀՀ քաղաքացին պետք է նախ թռնի Մինսկ, այնուհետև՝ Կատար, ապա՝ Դուբայ։ Այս ամենից կարելի է ենթադրել, որ ՀՀ քաղաքացիները առաջիկայում դժվար թե կարողանան օգտվել որևէ զբոսաշրջային երկիր գնալու հնարավորությունից։ Իսկ այս տարի ոլորտի վերականգնման մասով Մարինա Ավետիսյանը, որը երկար տարիներ հաջողությամբ աշխատում է շուկայում ու ծանոթ է ցանկացած մանրուքի, այնքան էլ լավատես չէ։