Աֆղանստանի Հոսթ քաղաքում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ:
Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ներկայացնելով Աֆղանստանի ոստիկանության տարածած հայտարարությունը:
Հաղորդագրությունում ասվում է, որ հարձակումը տեղի է ունեցել հունիսի 12-ի երեկոյան Ալիշեր շրջանում: Հարձակման զոհ է դարձել ութ մարդ. նրանց թվում է «Խեզբ է Իսլամի» անդամներից մեկը (Աֆղանստանի իսլամական կուսակցություն):
Դեպքի առնչությամբ երկրում գործող խմբավորումներից ոչ մեկը դեռևս պատասխանատվություն չի վերցրել իր վրա:
Աֆղանստանում բախումներ են ընթանում իշխանական ուժերի և «Թալիբան» արմատական շարժման զինյալների միջև: Ավելի վաղ շարժման անդամները երկրի գյուղական հատվածներում զգալի տարածք են գրավել, այնուհետև հարձակում գործել խոշոր քաղաքների վրա: Բացի այդ, երկրի տարածքում ուժեղացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը: Աֆղանստանի ազգային անվտանգության և պաշտպանության ուժերը համատեղ գործողություններ են իրականացնում ահաբեկչության դեմ պայքարում:








































