«Ես համաձայն չեմ Պապիկյանի գնահատականի հետ։ Կարծում եմ՝ որպես պետական պաշտոնյա նա փորձել է իր հայտարարության մեջ ճշգրիտ լինել, սակայն այստեղ էականը ոչ թե ճշգրիտ տերմինալոգիան է, այլ այն, որ հասարակական ընկալման մեջ ոչ միայն Գագիկ Ծառուկյանը, այլ նաև բազմաթիվ այդպիսի միլիոնատերեր ընկալվել և ընկալվում են հենց որպես օլիգարխներ։ Անկախ այն հանգամանքից, որ բարձրաստիճան որևէ պաշտոնյա կփորձի հակառակը համոզել՝ փաստերն այլ բանի մասին են խոսում՝ նա ազդեցություն ունի շատ ու շատ բաների վրա, էլ չասած, որ ԱԺ-ում մի ամբողջ խմբակցություն է նրա համար աշխատում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը՝ մեկնաբանելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությունը Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ օրերս նախարար Պապիկյանը Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին՝ Գագիկ Ծառուկյանը հիմա օլիգա՞րխ է, թե՞ սեփականատեր, նշել է, որ Ծառուկյանը չի կարող լինել օլիգարխ։
«Եվ դա այն պարզ պատճառով, որ նա որևէ կերպ փոխկապակցված չէ իշխանության հետ։ Ծառուկյանի օլիգարխ կամ սեփականատեր լինելու հարցը մեծապես կապված է այդ տերմինի բացման հետ, այսինքն՝ անձն ու իր կարողությունները չեն փոխվել, սակայն օլիգարխիկ համակարգի փոխկապակցվածություն իշխանության հետ այլևս գոյություն չունի»,-մասնավորապես հայտարարել էր Սուրեն Պապիկյանը։
Այս համատեքստում անդրադառնալով նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ գործող կառավարության կազմը 100 տոկոսով պետք է փոխել, քանի որ այս կառավարությունը ձախողել է բոլոր ոլորտները և ժողովրդին տված խոստումներից ոչ մեկը չի կատարել, Արմեն Բաղդասարյանն ասաց․
«Բոլոր քաղաքական ուժերը՝ այդ թվում նաև նախկին, տեսնում են, որ կորոնավիրուսի հետ կապված այս իրավիճակում իշխանությունները ռեալ պրոբլեմներ ունեն և նրանք մտածում են, թե սա ամենահարմար պահն է իշխանությանը հարվածելու և բոլոր կողմերից հարվածում են։ Ես, սակայն, նրանց այս քայլը ճիշտ չեմ համարում, որովհետև նախևառաջ այս դժվարին պայմաններում շատ սխալ է իշխանությանը հարվածելը և երկրորդ՝ չեմ կարծում, որ այդ քաղաքական ուժերից որևէ մեկը ի զորու է իշխանություններին հրաժարական պարտադրել, որովհետև անկախ այն հանգամանքից, թե որքանով է այս ընթացքում նվազել իշխանության վարկանիշը՝ դրանից նախկին իշխանությունների կամ որևէ քաղաքական ուժի վարկանիշը բոլորովին չի ավելացել։ Այնպես որ Ծառուկյանի այս հայտարարությունը ես համարում եմ սխալ հաշվարկի արդյունք։ ԲՀԿ-ին թվացել է, թե հիմա ճիշտ պահն է իշխանությանը թիրախավորելու և այդ հարթության վրա դիրքավորվելու համար, բայց նրանք սխալվել են իրենց հաշվարկների մեջ»։
Հարցին՝ կոնսոլիդացիա ԲՀԿ-ի և Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության կամ ցանկացած այլ քաղաքական շրջանակների միջև այս փուլում հնարավոր համարո՞ւմ եք, քաղաքական մեկնաբանը պատասխանեց․ «Եթե անգամ ֆորմալ առումով կոնսոլիդացիա չլինի, ապա համագործակցություն, փոխհամաձայնեցված աշխատանք, հաստատ, կլինի, քանի որ այդ ուժերի նպատակը նույնն է։ Իհարկե, չեմ կարծում, թե կստեղծվի գործող կառավարության հրաժարականը պահանջող միասնական այդպիսի շտաբ, սակայն կրկնում եմ՝ այդ ուժերը թեկուզ ոչ հրապարակային, թեկուզ ստվերային կերպով կհամագործակցեն՝ հանուն իրենց միասնական նպատակի»։
-Իսկ արդյո՞ք այդ համագործակցությունը կարող է սասանել իշխանության հիմքերը կամ որևէ այլ լուրջ հետևանքների հանգեցնել,-հետաքրքրվեցինք մեր զրուցակցից․ «Հիմա իշխանություններն իսկապես թույլ են, սակայն դա առավելապես կապված է ոչ թե մյուսների գործունեության հետ, այլ կորոնավիրուսի ստեղծած իրավիճակի, սոցիալ-տնտեսական դժվարությունների հետ։ Սակայն, ըստ իս՝ որքան արագ կարողանանք հաղթահարել այս ճգնաժամային փուլը, այնքան իրավիճակը կկայունանա և իշխանությունները կկարողանան ամրապնդել փոքրիշատե խարխլված իրենց դիրքերը։ Թե ինչ կլինի առաջիկայում՝ ցույց կտա ժամանակը»,- ի պատասխան նշեց Բաղդասարյանը։











































