«Առաջին լրատվականի» զրուցակիցն է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը։
– Սեպտեմբերին «Այբ» ավագ դպրոցն իր դռները կբացի առաջին 69 աշակերտի համար։ Ինչպե՞ս ու ի՞նչ սկզբունքով են ընտրվել դպրոցի աշակերտները։
-«Այբ» դպրոցի ընդունելությունը կազմակերպված է եղել այնպես, որպեսզի առավելագույնս բացահայտենք երեխայի մտածելու, տրամաբանելու, վերլուծելու և հիմնավորելու ունակությունները, աշխարհայացքը, նրա մոտ սովորելու շահագրգռումը, ձգտումները և այլն: Ընդունելությունը բաղկացած է եղել երկու փուլից` քննություններ, ապա հարցազրույց: Յուրաքանչյուր աշակերտ, կախված իր նախընտրած ուղղությունից (դպրոցում դրանք երկուսն են` «Հասարակական գիտություններ» և «Գիտություն»), հանձնել է երկու քննություն և, եթե իր հավաքած ընդհանուր միավորները թույլ են տվել, անցել է ոչ պակաս կարևոր` հարցազրույցի փուլ: Քննությունների ժամանակ եղել են ինչպես թեստային հանձնարարություններ, այնպես էլ խնդիրներ, էսսեներ և այլն: Բացի այդ՝ պարտադիր է եղել նաև անգլերենի իմացությունը. երեխաները համապատասխան թեստ են հանձնել Հայաստանի ամերիկյան համալսարանում: Իսկ մինչև քննությունները, «Այբ» դպրոցի ապագա ուսուցիչների ջանքերով, մենք նախապատրաստական դասընթացներ ենք կազմակերպել մեր դիմորդների համար` նրանց քննական տիպային հանձնարարություններին ծանոթացնելու նպատակով: Այդ դասընթացների շրջանակներում երեխաները հնարավորություն ստացան ստանալ իրենց հարցերի պատասխանները, հաղթահարել նախաքննական սթրեսը և այլն:
– Ո՞րն է «Այբ» դպրոցի ստեղծման նպատակը։
– «Այբ» կրթական հիմնադրամն իր ցանկացած ծրագիր, սկսած դպրոցական լաբորատորիաներից մինչև խորացված առարկայական դասընթացները, ձգտում է դարձնել օրինակելի, ցույց տալ, թե ինչպիսի կրթական միջավայրերում պետք է այսօր սովորեն ու զարգանան մեր երեխաները: Իսկ ցանկացած լավ օրինակ «վարակիչ» է. շատերը տեսնում և ուզում են իրենց կրթօջախում ներդնել նպանատիպ տեխնոլոգիաներ, մեթոդաբանություն և այլն: Օրինակ` «Կենգուրու» մրցույթը Հայաստանում ձևավորեց զանգվածային մրցույթների անցկացման կամ թեստավորման նոր չափանիշներ, «ԱյբԼաբ» արդիական լաբորատոր համալիները, որոնք «Այբ»-ն այսօր արդեն հիմնել է Երևանի, Բերդի, Քաջարանի, Էջմիածնի դպրոցներում, դարձել են մոդել, և այսօր թե’ «Այբ»-ի և թե’ անհատ բարերարների, տեղական ինքնակառավարման մարմինների, պետության ջանքերով նման լաբորատորիաներ բացվում են մեր դպրոցներում: Այդպես էլ «Այբ» դպրոցը, որը մի դրական օրինակ է, թե ինչ ասել է 21-րդ դարի հայկական դպրոց, միջավայր, ուր մեկտեղված են աշխարհում այսօր կիրառվող ժամանակակից կրթական տեխնոլոգիաները և հայկական դպրության լավագույն ավանդույթները: «Այբ» դպրոցը բաց համակարգ է` իր բոլոր ռեսուրսներով ու ծրագրերով: Մենք մրցակցային առավելություններ ունենալու նպատակ չունենք: Հիմնական նպատակները, որ «Այբ»-ը դնում է իր առջև` կրթված ու մրցունակ սերնդի ձևավորումն է և 21-րդ դարի հայկական դպրոցի մոդելի ստեղծումն ու տարածումը` նաև Հայաստանի սահմաններից դուրս: «Այբ» դպրոցը այն միջավայրն է, որտեղից պետք է դուրս գան կրթված, առաքինի, մրցունակ հայ երիտասարդներ, ում համար սահմաններ կամ փակ դռներ չկան, ովքեր մտնում են իրենց նմանների համաշխարհային ցանցի մեջ, ովքեր, ժամանակին իրենց հայրենիքում այդքան կարևոր օգնություն ստանալուց հետո, կյանքում կայանալուց հետո, որտեղ էլ որ լինեն, ապրելու, մտածելու և գործելու են Հայաստանի ուղեծրում:
– Դպրոցում ուսման վարձը $6.000 է, ինչը մեծ գումար է։ Ինչպե՞ս է հաշվարկված այդ գումարը, ո՞ր հիմնադրամն է փոխանցելու այն դպրոցին։
– «Այբ» դպրոցում ուսանելու վարձը հաշվարկված է ամենամանրազնին ուսումնասիրությունների արդյունքում, և այդ գումարի չափին մենք եկանք դպրոցի գործարար ծրագրի մշակման ժամանակ: Դա այն նվազագույն գումարն է, որ այսօր Հայաստանում անհրաժեշտ է` երեխային որակյալ կրթություն տալու համար: Որակյալ կրթություն ասածի մեջ են մտնում մասնագետների աշխատավարձերը, դպրոցի հագեցվածությունն ու համալրվածությունը, սպորտային և արվեստի խմբակները, սնունդը, տրանսպորտը և այլն, այսինքն` զուտ դպրոցի գործառնական ծախսերը: Ուսման վճարը հաշվարկելիս մենք հաշվի չենք առել ո՛չ կապիտալ ներդրումները, ո՛չ շենքի մաշվածությունը. դրանք «Այբ»-ի կողմից արված անվերադարձ ներդրումներ են: Դպրոցը շահույթ հետապնդող կառույց չէ, որևէ մեկը որևէ շահութաբաժին չի ստանում: Ուսման վարձը այն գումարն է, որ «Այբ» դպրոցը պատրաստվում է տարվա ընթացքում ծախս անել իր ամեն աշակերտի վրա: Սակայն մենք Հայաստնում ենք ապրում և հարկ չկա ձևացնելու, թե բոլորն ի վիճակի են վճարել այդ գումարները երեխաների կրթության համար: Մեր նպատակն է ընտրել լավագույններին լավագույններից, այլ ոչ թե լավագույններին վճարունակներից: Ուստի «Այբ» կրթական հիմնադրամը, որպես «Այբ» դպրոցի կառուցող և պատվիրատու, հոգ է տանում այն մասին, որպեսզի դպրոցը զբաղվի միայն իր առաջնային գործով` որակյալ կրթության ապահովմամբ: Իսկ «Այբ» հիմնադրամը` ոչ վճարունակ աշակերտների փոխարեն, դպրոցին վճարում է նրանց ուսման վարձը` հովանավորների, բարերարների կողմից հատուկ կրթաթոշակային ֆոնդին տրամադրած նվիրատվությունների հաշվին: Ընդ որում՝ «Այբ» դպրոցի ընդունող հանձնաժողովը որևէ կապ չունի Ֆինանսական աջակցության հանձնաժողովի հետ: Դպրոց ընդունվելիս, ընդունելության բարդ փուլերով անցնելիս աշակերտի ֆինանսական կարողություններն անհայտ են: Միայն այն բանից հետո, երբ աշակերտն արդեն հայտնվել է ընդունվածների ցուցակում, նրա ծնողները, իրենց հայեցողությամբ, կարող են դիմել Ֆինանսական աջակցության կոմիտեին` կրթաթոշակ ստանալու (կրթաթոշակ ասելով նկատի ունենք ուսման վարձի փոխհատուցում) ակնկալիքով: Իսկ «Այբ» հիմնադրամը դպրոցին կշարունակի հատուցել անվճարունակ աշակերտների վարձերը միայն մեկ պայմանով` եթե դպրոցը տա որակյալ կրթություն: Հակառակ դեպքում մենք կշեղվենք մեր նպատակից, էլ չասեմ, որ կկորցնենք մեր հովանավոր-բարերարների վստահությունը և ուրեմն` կրթաթոշակային ֆոնդի համալրման աղբյուրը: Ի գիտություն, այս տարի մեր դպրոցի աշակերտների 72%-ը կրթաթոշակ է ստացել «Այբ» կրթական հիմնադրամից: Յուրաքանչյուր երեխային ընտրելիս մենք մեզ հարց ենք տվել` արդյո՞ք մենք պատրաստ ենք այդ երեխային տրամադրել ամբողջական կրթաթոշակ: Եվ եթե նույնիսկ ընդունվածների 100%-ը լինելին անվճարունակ, մենք բոլորին կտրամադրեինք կրթաթոշակ:
– Արդյոք այս դպրոցը չի՞ դառնա էլիտար, որտեղ կսովորեն ընտրյալ երեխաներ։
– Որ կսովորեն ընտրյալ երեխաներ, դա ակնհայտ է. քննությունների փուլը դյուրին չէ, և մեր աշակերտները ընտրյալ են` իրենց գիտելիքի և կրթվելու շահադրդման իմաստով: Իսկ էլիտարությունը բացառում են «Այբ» հիմնադրամի ջանքերը` անկախ լինել որևէ հարուստ ծնողից և ընտրել երեխաներին ոչ թե ֆինանսական կարողություններից ելնելով, այլ միայն գիտելիքի հիման վրա, և ապա ընտրվածներին տրամադրել կրթաթոշակներ` ըստ պահանջի: Իմ կարծիքով, էլիտարության բացառումը պարզ նկարագրեցի ֆինանսական աջակցության վերոհիշյալ սխեման բացատրելով: Այո’, մենք այս տարի ունեցանք դեպքեր, երբ ծնողներն այցելեցին մեզ այն բանից հետո, երբ երեխան չանցավ քննությունների փուլը, և իրենց խորին զարմանքը, եթե չասեմ` վրդովմունքը, արտահայտեցին այն կապակցության, որ միթե՞ իրենց վճարունակությունը բավարար չէ, որպեսզի երեխային ընդունենք, կամ միթե՞ իրենց երեխան լավը չէ: Երեխան լավն է. վատ երեխա չկա: Բայց ուրեմն գտնվեցին մի քիչ ավելի «լավերը», բայց ոչ թե ֆինանսական կարողություններով, այլ գիտելիքով: Իսկ արտաքին միջամտություններից զերծ մնալու մեր երաշխիքը Ընդունող հանձնաժողովի կազմն է: Հանձնաժողովը բաղկացած է 9 անդամներից, նրանք մարդիկ են, ովքեր հավաքվել էին Երևանում աշխարհի տարբեր անկյուններից` աշխատատելու, ովքեր կյանքում կայացած, հաջողված, հայտնի մասնագետներ են և ում վրա ազդեցության ընդհանուր լծակներ պարզապես չկան: Եվ իրականում պետք է փաստեմ, որ այդպիսի փորձ չի էլ եղել: Բացի այդ, ընդունող հանձնաժողովի բոլոր որոշումները կոլեգիալ են: Ամփոփելու համար ասեմ, որ չի եղել որևէ երեխա, ով ընդունվել է «Այբ» դպրոց միայն իր վճարունակության շնորհիվ և չի եղել մեկը, ով չի ընդունվել` անվճարունակության պատճառով:
– Դպրոցն իր ուշադրությունն ինչի՞ վրա է կենտրոնացնելու ուսման գործընթացում։
– Դպրոցում ողջ ուսումնական ծրագիրը կառուցված է չորս հիմնասյուների վրա` առարկաներ, սպորտ, արվեստ և հասարակական ակտիվություն: Սա ամենակարևոր յուրահատկությունն է մեզ համար: Առարկաները բուն մասնագիտական առարկաներն են, սպորտը` լողն ու մարմնամարզությունը` որպես առողջություն, առանց որի մնացածն անիմաստ է, արվեստի դասաժամերն ու խմբակները գեղեցիկին հաղորդ լինելու կենսական կարևորությունն է ցանկացած մարդու հաջող զարգացման համար, իսկ հասարակական ակտիվություն ասածը վերաբերում է երեխայի ներգրավվածությանը տարբեր հասարակական ծրագրերում` նրա մոտ հասարակական գիտակցությունն ու պատասխանատվությունը զարգացնելու համար: Նաև, դպրոցում մեծ տեղ է տրվում ծրագրահեն ուսուցմանը, երբ աշակերտները առավելագույն ներգրավվածություն ունեն դպրոցի ներսում և դպրոցից դուրս իրականացվող իրական ծրագրերին, երբ ուսումը կազմակերպվում է ոչ միայն դասագրքերով` դպրոցում, այլ առավել հետաքրքիր, իրական և գործնական միջավայրերում: Դպրոցը նաև ուղղորդում է աշակերտին հետագա մասնագիտացման հարցում, օգնում բուհ ընդունելության գործընթացներում, այդ թվում՝ նախապատրաստում միջազգային թեստային քննությունների` ընդլայնելով բուհի ընտրության նրա հնարավորութունները: Ուսումնական ծրագիրը հագեցած է պարտադիր և ընտրովի առարկաներով, այսինքն` յուրաքանչյուր աշակերտ ինքն է ձևավորում իր վերջնական ուսումնական ծրագիրը:
– Դասավանդումը ի՞նչ համակարգով է իրականացվելու։
-Դասավանդումը դպրոցում լինելու է կրեդիտային համակարգով: Ավագ դպրոցի դերը մասնագիտացման մեջ է, ինչը ենթադրում է, որ տարբերություն է լինելու աշակերտների ուսումնական ծրագրի միջև` մեկը մի առարկայից ավելի շատ դասաժամեր կվերցնի, քան մյուսը, և այլն: Աշակերտը տարվա վերջում պետք է որոշակի քանակությամբ կրեդիտներ հավաքի իր հոսքի ուսումնական ծրագրի մեջ մտնող առարկաներից: Այս կրեդիտները հանդիսանում են տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքների թվային համարժեքները, ցույց են տալիս, թե որքան է աշակերտը ծախսել այդ առարկան ուսումնասիրելու վրա: Աշակերտը պետք է հավաքի իր կրեդիտները ուսումնական ծրագրի մեջ մտնող բոլոր 4 ոլորտներից՝ առարկաներ, սպորտ, արվեստ և հասարակական ակտիվություն: Սա թույլ է տալիս նրան ավելի ազատ լինել` իր վերջնական ուսումնական ծրագիրը մշակելիս. բացի իր հոսքի պարտադիր առարկաներից, աշակերտն ինքն է ընտրում, թե ընտրովի և նախասիրական առարկաներից որոնցով համալրի իր ուսումնական ծրագիրը՝ իր ցանկությամբ: Օրինակ. աշակերտը սովորում է «Հումանիտար գիտություններ» հոսքում: Եվ եթե այստեղ անգլերենը, հայերենը, ռուսերենը, պատմությունը և մի շարք այլ առարկաներ պարտադիր են, ապա անցնել գրաբար, թե արտասահմանյան գրականություն, որոշում է ինքը՝ աշակերտը, և դրանով համալրում իր ուսումնական ծրագիրն ու լրացնում կրեդիտների անհրաժեշտ քանակը: Ընդհանրապես, ամբողջ աշխարհն է անցել կրեդիտային համակարգի, սա աշակերտին որոշակի ազատություն է տալիս` անհատական ուսումնական ծրագիրը ձևավորելիս:
– Դասավանդումը դպրոցում ի՞նչ լեզուներով է իրականացվելու։
– «Այբ» դպրոցում դասավանդման լեզուն հայերենն է: Սա հայկական դպրոց է: Սակայն մեզ մոտ լուրջ ուշադրություն է դարձվում նաև անգլերենի իմացությանը. այսօր որևէ մեկը չի կարող համաքայլ ընթանալ զարգացող կրթական ու գիտական աշխարհին, եթե չի կարող օգտվել օտարալեզու գրականությունից, հետևել, թե ինչ զարգացումներ ու հայտնագործություններ են տեղի ունենում իր բնագավառում: Այսինքն` հայերենին զուգահեռ, անգլերենի իմացությունը աշակերտների մոտ պետք է այն մակարդակի լինի, որպեսզի որևէ խոչընդոտ չառաջացնի թե’ մասնագիտացման, թե’ բուհի ընտրության հարցում: Պարտադիր է նաև ռուսաց լեզուն: Իսկ արդեն հումանիտար հոսքի աշակերտները` իրենց ընտրությամբ, կուսումնասիրեն նաև այլ լեզուներ:







































