Այսօրվա Կառավարության նիստում վարչապետը մինչ օրակարգին անցնելն անդրադարձավ նաև «Հայփոստում» արձանագրված խնդրին։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրեց, թե ինչ քայլեր են ձեռնարկել՝ խնդիրները կարգավորելու համար:
««Հայփոստի» բոլոր բաժանմունքների առջև խնդիր է դրվել, որպեսզի դրսում հերթը վերահսկեն։ Երեկ՝ օրվա երկրորդ կեսին, արդեն դրական տեղաշարժ ունեինք, գծանշվել են նաև փոստային մեծ բաժանմունքների դիմացի հատվածները, այսօր շարունակվել են աշխատանքները: Երեկ պարետը որոշել է, որ այս ամիս ևս փոստատարների միջոցով թոշակները կառաքվեն տներ»։
Արշակյանը նաև նշեց, որ թոշակառուները հնարավորություն ունեն ստանալ բանկային քարտեր՝ մանրամասնելով, որ դա պարտադիր բնույթ չի կրում, և շատ քչերն են օգտվում այդ հնարավորությունից։ Նա կոչ արեց թոշակառուներին բանկային քարտերի միջոցով ստանալ թոշակները։
Նախարարն անդրադարձավ նաև կենսաթոշակների մասին օրինագծին, որն այժմ գտնվում է ԱԺ-ում, և որով մյուս տարվանից պարտադիր է դառնում կենսաթոշակների անկանխիկ ստացումը։