Դանիան փոխել է սահմանը հատելու կանոնները, որոնք խստացվել էին կորոնավիրուսի պատճառով, որպեսզի տարբեր երկրներում ապրող զույգերի համար միմյանց տեսնելն ավելի հեշտ լինի։
Այդ մասին հաղորդում է BBC-ն։
Այս շաբաթվա սկզբից տղան կամ աղջիկն իրենց կեսին հանդիպելու համար կարող են հատել սահմանը, պայմանով, որ նրանք իրենց հարաբերությունների մասին ապացույցներ ներկայացնեն, ինչպես օրինակ` տեքստային հաղորդագրություններ, լուսանկարներ կամ նամակներ:
Իշխանությունները սակայն փոխել են այս կանոնները՝ տվյալների գաղտնիության վերաբերյալ լուրջ բացասական արձագանքից հետո, այնպես որ հիմա բավական է միայն երկու կողմից ստորագրված թուղթը։
«Եթե դուք ասում եք, որ հարաբերությունների մեջ եք գտնվում և դա գրավոր շարադրված է, այդքանը բավարար է»,- հայտարարել է արդարադատության նախարար Նիկ Հեքերուփը։ Ի դեպ, ըստ ցանկության, ճանապարհորդները կարող են նաև լուսանկար կամ նամակներ ցույց տալ, դրանք նույնպես հարաբերությունների ապացույց կհամարվեն։