Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի ներքին քաղաքական կյանքում, ունի շատ խոր արմատներ և պատճառներ: Ընթացիկ քաղաքական զարգացումների և արտաքին քաղաքական հիմնախնդիրների վրա դրանց ազդեցությունների մասին «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ:
Հիշեցնենք՝ դատարանն այսօր մերժեց Հայաստանի և Արցախի նախկին վարչապետների երաշխավորությունը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ: «Ըստ էության՝ սրտի թրթիռով ամեն անգամ սպասում ենք, թե ինչպիսի քննություն կհանձնի Հայաստանի ինքնիշխանությունը,- նշեց Արման Բաբաջանյանը,- հարցը, որ քննվում է դեռևս վստահություն չվայելող դատարանում, ունի չափազանց կարևոր արժեք և նշանակություն, ինչպես նաև ունի ոչ միայն ներքին քաղաքական, այլ նաև արտաքին քաղաքական համատեքստ: Մեր երկրում այսքան լրջագույն մարտահրավերները երկրորդ պլան են մղվել և առաջ են եկել հարցեր, որոնք չպետք է կարևորություն ստանային և բուռն խմորումների պատճառ դառնային:
«Վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները, որոնք հատկապես սնուցվում են նախկին իշխանություններին պատկանող լրատվամիջոցներով, ուղիղ կապ ունեն այն իրադարձությունների հետ, որոնք տեղի ունեցան թիվ մեկ քաղաքական հարկից ներս: Այդ խմուրումները միայն ֆասադն են, դրանք շատ ավելի խորքային զարգացումների արտահայտություն են՝ միայն երևացող կողմը: Կասկած չունեմ, որ այս գործընթացներն ուղիղ առնչություն և կապ ունեն որոշ շրջանակների սպասումների ու ակնկալիքների հետ: Ազգային ժողովը ժամ առաջ պետք է հասուն գտնվի: Ես կուզենայի, որ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ լեգիտիմություն ունեցող հեղափոխական մանդատ ստացած Ազգային ժողովում, եթե անգամ «ձեռնամարտ» լիներ, ապա այն ունենար գաղափարաբանական, արժեքաբանական հենք, ունենար հեղափոխության և պսևդոհեղափոխության միջև լարումների արտահայտություն, ինչը շատ ավելի մեծ արժեք ու կարևորություն կունենար քաղաքացիների շրջանում: Տեղի ունեցածը խոր հիասթափություն է առաջացրել նրանց մոտ, ովքեր մեզ պատվիրակել են, որպեսզի ամենօրյա աշխատանքով ավելի մոտեցնենք այն երազանքների ու տեսլականի իրականացմանը, որի համար տեղի ունեցավ հեղափոխությունը»:
«Այս խմորումներում ներգրավված բոլոր քաղաքական ուժերը պետք է հավասարապես պատասխանատվություն զգան հեղափոխության առաջ: Նրանք, ովքեր ուզում են արժեզրկել ԱԺ ինստիտուտը, պետք է հասկանան, որ իրենց ներկայությունը ԱԺ-ում ևս հեղափոխության շնորհիվ է… Ժամ առաջ պետք է սթափվել և սթափեցնել իշխանությանը»,- ընդգծեց պատգամավորը:
Մանրամասն՝ տեսանյութում:









































