ԱՄՆ Յուտա նահանգում ոստիկանությունը բերման է ենթարկել հնգամյա երեխայի, որը գտնվել է մեքենայի ղեկին, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:
Հետապնդումը սկսվել է այն բանից հետո, երբ ճանապարհային ոստիկան Ռիկ Մորգանը կանգնեցրել է ամենագնացը, որի ղեկին եղել է հնգամյա տղան: Նա որոշել էր Կալիֆոռնիա հասնել՝ հարազատների մոտ: Այնտեղ նա պատրաստվում էր Lamborghini սպորտային մեքենա գնել՝ իր ունեցած 3 դոլարով: Ոստիկանները երեխային և ավտոմեքենան վերադարձրել են հորը:
Պարզվել է, որ այդ օրը երեխան եղել է դայակի հսկողության տակ և օգտվելով պահից, երբ դայակը քնել է, երեխան վերցրել է ավտոմեքենայի բանալիները և ճանապարհ ընկել: Նա մինչև ոստիկանի կանգնեցնելը հասցրել է 5 կմ անցնել:
Մինչ այժմ ոստիկանությունը մեղադրանք չի առաջադրել ոչ տղայի ծնողներին, ոչ էլ երեխային: