Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը, այսօր անդրադարձել է այն տեղեկատվությանը, որ վերջին տարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայաստանում ճապոնական Toyota կոնցեռնի ներկայացուցչություններից մեկում՝ Toyota-Yerevan ընկերությունում, ձեռք է բերել 309 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ 7 ավտոմեքենա: Նա նշել է, որ այդ մեքենաները երեք տարի առաջ բարերար Սամվել Կարապետյանի կողմից են նվիրաբերվել Մայր Աթոռ սուրբ Էջմիածնին և այդ մասին հաղորդագրություն դեռ այն ժամանակ իրենք տարածել են այդ նվիրատվության մասին: Բացի այդ, նա նշել է, որ 6000 աշխատակից ունեցող հաստատության համար, ինչպիսին Մայր աթոռն Սուրբ Էջմիածինն է, այսօր մեր փողոցում երթևեկող մեքենաների համեմատությամբ ճոխ չէ:
«Մարդիկ իրենց ցանկությամբ նվիրատվություն են կատարում: Վերջերս Վրաստանում էի, և առիթ ունեցա տեսնելու, որ Վրաստանի նախագահն անձամբ բարձաստիճան հոգևորականներին նվիրաբերում է բարձրակարգ մեքենաներ, բացի այդ, տարեկան եկեղեցու գործունեության համար վրաց պետությունը վրաց եկեղեցում քսան միլիոն դոլարին համարժեք գումար է տրամադրում՝ չհաշված տարբեր ծրագրերով օժանդակում է եկեղեցուն»,- ասել է Տեր Վահրամը՝ հավատացնելով, որ Մայր Աթոռը Սուրբ Էջմիածինը նման օժանդակություն որևէ կառույցից չի ստանում և որ Վեհափառ հայրապետը անձամբ է գնում և հայթայթում այն միջոցները, որոնք անհրաժեշտ են մայր աթոռի գործունեության համար:
Տեր Վահրամ քահանա Մելիքյանը այսօր, խոսելով Մայր Աթոռի տարեկան հաշվետվությունից, ասել է, որ Մայր աթոռն ունի գերագույն հոգևոր խորհուրդ, որտեղ յուրաքանչյուր տարի հրապարակվում են Մայր Աթոռի գործունեության հաշվետվությունը և նաև ֆինանսական հաշվետվությունը, որոնք որ հետագայում հրապարակվում են «Էջմիածին» պաշտոնական ամսագրում: Նա նշել է, որ Մայր Աթոռի բյուջեն գոյանում է 16-18 տոկոս մոմավաճառությունից, նվիրատվությունններից, գրականության վաճառքից, մնացածը անհատ բարերարների նվիրատվություններից:








































