Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում «Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալության տնօրենը կիսվեց երջանկության գաղտնիքներով: Սակայն մինչ այդ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և վիճակագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը ներկայացրեց Հայաստանում ամուսնացած և չամուսնացած կանանց և տղամարդկանց վիճակագրությանը։
Երբեք չամուսնացած տղամարդիկ վերջին վիճակագրության արդյունքում կազմել են 30 տոկոս, իսկ կանայք՝ 23 տոկոս: 1994 թվականին ամուսնության միջին տարիքը տղամարդկանց համար եղել է 27 տարեկանը, վերջին տարիներին՝ 29 տարեկանը, իսկ կանանց համար՝ 22 տարեկանը, 2004 թվականից հետո՝ 25 տարեկանը: Առաջին ամուսնության տարիքը տղամարդկանց համար եղել է 26, հիմա՝ 28 տարեկանը, իսկ կանանց համար 1994 թվականից 21-27, հիմա՝ 24-25 տարեկանը: Ներկա պահին յուրաքանչյուր հազար բնակչից մեկը՝ ամուսնալուծվում, իսկ 6-ը ամուսնանում են:
Վիճակագրությունից հետո «Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանը նշեց, որ առաջին հայացքից թվում է, թե ամուսնական գործակալություններին դիմում են անճար մարդիկ, սակայն դա այդպես չէ, քանի որ ամուսնական գործակալությանը դիմելու համար պետք է համարձակություն ունենալ և 20 հազար դրամ, որից հետո դիմողները լրացնում են անձնական թերթիկ, թե ինչ պայմաններ են ցանկանում, որ իրենց կողակիցներն ունենան։ Աղջիկները շատ են կարևորում բնակարան և աշխատանք ունենալու հանգամանքը, ինչպես նաև տղամարդկանց սպորտային կազմվածք ունենալը։ Ի դեպ, գործակալություն գործազուրկ տղամարդկանց չեն ընդունում։ Կանայք տարիքային սահմանափակում չունեն, սակայն տղամարդկանցը սկսվում է 28-65-ից:
Գործակալության տնօրենը մինչ օրս մի բացառություն է արել և 85 տարեկան տղամարդու է գրանցել, որն ասել է, թե զբաղվում է յոգայով և շատ ժիր է: Ինչ վերաբերվում է տղամարդկանց նախասիրությանը, նրանք նախընտրում են նիհար, բարձրահասակ, շիկահեր և կապուտաչյա աղջիկներին, սակայն պատրաստ են այդ ամենը մի կողմ դնել զուտ նրա համար, որ աղջիկը կույս լինի: Ի դեպ, ֆոտոսեսիան կատարվում է տեղում, քանի որ փորձը ցույց է տվել, որ աղջիկները բերում են 5 տարվա հնության լուսանկարներ, որտեղ նիհար են, ինչի արդյունքում՝ տեսնելով հիասթափվում են: Ամենաբարձր տարիքում գրանցված ամուսնությունը եղել է վերջերս՝ 49 տարեկան մի կին ամուսնացել է 58 տարեկան տղամարդու հետ, իսկ ամենահամակրելի զույգը ճանաչվել է Իսրայելից եկած փեսացուն, որն ընտրել է սրտի արատով մի աղջկա և խոստացել վիրահատել Իսրայելում:
Ամուսնական գործակալության տնօրենը նշեց նաև աբսուրդ պահանջները։ Օրինակ՝ 40 տարեկան կինը գալիս է և ասում՝ քանի որ ես լավ եմ պահպանվել, 30 տարեկան տղամարդ եմ պահանջում։ Սակայն դա հնարավոր չէ, քանի որ տղամարդիկ 25-30 տարեկան աղջիկ են ընտրում: Իսկ եթե 45 տարեկանից բարձր կույս է լինում, գործակալության տնօրենը չի բարձրաձայնում այդ մասին, քանի որ դա ինտիմ հարց է, և այդ տարիքի կույսերը այնքան էլ պահանջված չեն: Գործակալությունը գործում է 3 տարի, գրանցվել է 1000 ամուսնություն և ամուսնալուծության մեկ դեպք: Ինչ վերաբերում է նրան, թե որն է երջանկության գաղտնիքը՝ գործակալության տնօրենը նշեց, որ երջանկության գաղտնիքը կողքին սիրելի անձնավորություն ունենալն ու սիրված լինելն է:
Ի դեպ, գործակալություն դիմում են հաշվապահներ, ուսուցիչներ, բժիշկներ, բայց ամենավատը հաշվապահների վիճակն է:








































