«Ես երեսուն հազար ճարել եմ, էլեկտրիկին զանգել եմ, բայց ես հինգ երեխա ունեմ, ամուսին չունեմ, 9 թոռ ունեմ, ո՞նց կարելի ա, երբ որ չեն աշխատում, տղաս չի աշխատում»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ էլեկտրաէներգիայի անջատումներից տուժածներին զանգերից հերթականի ժամանակ նշեց քաղաքացիներից մեկը:
«Կներեք, քանի՞ տարեկան են Ձեր երեխաները»,- հարցրեց վարչապետը:
«Չորս աղջիկ են, մի տղա, տղաս 25 տարեկան ա, բայց 3 երեխա ունի, պարո՛ն Փաշինյան ջան, խոհարար ա, բայց երկու ամիս ա չի աշխատում, բայց ես երեսուն հազար ճարել եմ…»,- նշեց քաղաքացին:
Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք որդին պետությունից օգնություն չի ստացել, կինը պատասխանեց.
«Երեկ ա ստացել, 300 000 դրամ»:
«Մի րոպե, կառավարությունից էդքան է ստացել, բա ինչո՞ւ չեք մուծում գումարը»,- հետաքրքրվեց վարչապետը:
Կինը նշեց.
«Էնքան պարտք կա, երկու ամիս չես կարող, չէ՞, ասել «սոված մնացեք»»:
Վարչապետը հարց ուղղեց՝ ինչո՞ւ էր գումարը վճարելու համար կանչում էլեկտրիկին. «Կարո՞ղ ա՝ էլեկտրիկները լևի-պռավի բան են անում»:
Կինը պատասխանեց.
«Չէ, ինքը ինձ գիտի: Ես ում լավ ա եղել, իր համար շատ լավ աշխատել եմ, մանավանդ Ձեզ համար»:
«Մեզ համար էլ եք աշխատե՞լ, հո ընտրակաշառք չե՞ք բաժանել»,- կատակեց վարչապետը:
«Չէ հա, սկի ես չեմ ստացել, ա՛յ ցավդ տանեմ»,- արձագանքեց կինը:
Վարչապետը խորհուրդ տվեց վճարել կոմունալ պարտքը:










































