Այսօր՝ ապրիլի 28-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է 2020թ. պետբյուջեի մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն անդրադարձավ քաղաքացի Միքայել Մարգարյանին ոստիկանություն բերման ենթարկելու փաստին և ասաց. «Նա գնացել էր կառավարության շենքի մոտ իր բողոքն արտահայտելու այն բանի համար, որ իրեն ստիպում են վճարել կոմունալները: Քաղաքացի Միքայել Մարգարյանը այն վառ ապացույցն է, որ կառավարության հասցեականության քաղաքականությունը տխուր և ողբալի վիճակում է»:
Նշելով, որ Միքայել Մարգարյանի ընտանիքը զբաղվում է մշակութային միջոցառումներով, ինչը ենթադրում է, որ պետք է բաց լինեն ռեստորանները, սրճարանները, պատգամավորը հարց տվեց. «Ուղղակի հարց եմ հղում ձեզ. արտակարգ դրությունը ազդե՞լ է Միքայել Մարգարյանի սոցիալական վիճակի վրա, թե՞ ոչ: Կառավարությունը որոշել է, որ չի ազդել»:
Անի Սամսոնյանի խսքով` Միքայել Մարգարյանը միակը չէ:
Դիմելով Հովհաննես Իգիթյանին` նա ասաց. «Պարոն Իգիթյան, դուք և մենք չենք զրկվել աշխատանքից, դրա համար ձեր ձայնը տաք տեղից է գալիս»:
«Ես այստեղ չեմ պատկերացնում մի պատգամավորի, որը պատրաստ է կողմ քվեարկել այս նախագծին և կառավարությանը տալ նման լծակներ: Մենք լրատվամիջոցներից չէ, որ պետք է իմանանք, թե ինչպես է կառավարությունը ծախսել գումարները: Հաջորդ անգամ, երբ որևէ քաղաքացու բերման ենթարկեն ոստիկանություն, գնացեք նրա հետևից և բացատրեք նրան ձեր հասցեականությունը: Չմոռանաք ձեզ հետ տանել նաև մարդկանց 100 հազար դրամ աջակցությունը էժան պոպուլիզմ համարող Ալեն Սիմոնյանին, չնայած կարող եք չտանել, որովհետև նրան նույնիսկ սեփական թիմում լուրջ չեն ընդունում, ուր մնաց` մենք և ժողովուրդը»,- հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:











































