Միայն վերջին տարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայաստանում ճապոնական Toyota կոնցեռնի ներկայացուցչություններից մեկում` Toyota-Yerevan ընկերությունում, ձեռք է բերել 309 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ 7 ավտոմեքենա: Այս մասին հաղորդում է Արմինֆո գործակալությունը:
Ինչպես գործակալությանը հայտնի է դարձել իր աղբյուրներից, Մայր Աթոռի կողմից, մասնավորապես, ձեռք է բերվել Toyota Corolla 1.6 մակնիշի 4 ավտոմեքենա, յուրաքանչյուր ավտոմեքենայի արժեքը կազմել է 26.500$, Toyota HiAce միկրոավտոբուս (56.000$), Toyota Camry 3.5 մակնիշի ավտոմեքենա (52.000$) և Toyota Land Cruiser 200 4.7 մակնիշի ավտոմեքենա (95.000$):
Նույն աղբյուրը հաղորդել է, որ Եկեղեցին նոր «Տոյոտաներ» և այլ ֆիրմաների ներկայացուցչական ավտոմեքենաներ է ձեռքբերել նաև անցած տարիներին`դժվարանալով նշել դրանց ստույգ քանակը: Ուշագրավ է, որ Մայր Աթոռի կողմից ձեռքբերվող բոլոր ավտոմեքենաները պետության կողմից ազատվում են ԱԱՀ-ի վճարումից, նշում է Արմինֆոն:
«Առաջին լրատվականը» առաջիկայում կփորձի այս առիթով մեկնաբանություններ ստանալ Մայր Աթոռից: Հիշեցնենք, որ օրերս Սանահինի վերակնորոգման աշխատանքների հետ կապված բարձրացված աղմուկից հետո Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը նշել էր, որ Էջմիածինը միջոցներ չունի Սանահինի վանական համալիրի վերականգնման համար, որը գտնվում է ցավալի վիճակում` ավելացնելով, որ եկեղեցիների վերանորոգման կամ կառուցման առումով Էջմիածինը կախված է բարերարներից:










































