Գյուղերում այսօր պարարտանյութի խնդիր կա։ Պատվերը տրվել է, սակայն պարարտանյութը դեռ գյուղացուն չի հասել։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը տեղեկացրեց՝ դեռևս արտակարգ դրություն հայտարարելուց առաջ իրենք զբաղվել են այդ հարցով, ցուցակագրում են իրականացրել, հաշվարկել, թե ինչքան պարարտանյութ է անհրաժեշտ։ Այժմ սպասում են պարարտանյութին։
Բավեյանի խոսքով՝ մինչև ապրիլի 27-ը պետք է պատասխան ստանան, թե կոնկրետ երբ գյուղացին կստանա պարարտանյութը։ «Մենք ասել ենք չափաբաժինը։ Մեզ 25 տոննա հարկավոր է»,- ասաց համայնքի ղեկավարը։ Նա նշեց, որ մատակարարվում է հիմնականում վրացական պարարտանյութ, որն օգտագործվում է մշակաբույսերի համար։ Խոսելով վրացական պարարտանյութի անորակ լինելու մասին, համայնքի ղեկավարը տարակուսեց։ «Անցած տարի էլ ենք ձեռք բերել, օգտագործել ենք։ Չեմ կարծում, թե վատը լիներ ու նորից ուզեինք»,- շեշտեց Երանոսի համայնքապետը։
Նա նշեց, որ գյուղում ձյուն է տեղացել, բայց ցրտահարության վտանգ, հույս ունեն, չի առաջանա։ «Մարդիկ ասում են՝ առատություն է, ուրախանում են, որ ձյուն է եկել։ Մենք բարձրադիր դիրքում ենք գտնվում։ Միայն թե ձյան շերտի հալվելուց հետո քամի չփչի ու սառեցնի»,- ասաց Բավեյանը։
Կանխատեսել, թե տարին գյուղատնտեսական առումով ինչպիսին կլինի, համայնքի ղեկավարը դժվարացավ։ «Գիտեք, մենք շատ ռիսկային գոտում ենք, դժվար է կանխատեսել, թե ինչ տարի կունենանք։ Եթե ձյան շերտը հալվի, անձրևներ չլինեն, սառը քամի փչի, պարզ է, որ խնդիր կունենանք»,- հավելեց Սաշա Բավեյանը։
Ծակքար գյուղի ղեկավար Գվիդոն Ավետիսյանը նշեց, պարարտանյութերից ոչ գոհ են ոչ դժգոհ, ինչ լինում է՝ ձեռք են բերում, օգտագործում են։
Իրենց գյուղի համար 5-6 տոննա պարարտանյութ է անհրաժեշտ։ «Աշնանն ու գարնանը ձեռք ենք բերել։ Հիմա էլ հայտ ենք ներկայացրել, տեսնենք, թե երբ կլինի»,- ասաց համայնքի ղեկավարը։ Գյուղում հիմնականում մշակում են հացահատիկ, կարտոֆիլ։ Ցրտահարության վտանգ չկա։
Ավետիսյանը նշեց, որ իրենք դեռ չգիտեն վրացական, ռուսական, թե՞ պարսկական պարարտանյութեր են ստանալու։ «Մեզ 6100 դրամ են ասել, չգիտենք՝ ինչ պարարտանյութ է։
Կարող եմ ասել, որ մենք երբեք էլ գոհ չենք լինում ոչ մի բանից։ Ինչ եղավ առնում տալիս ենք, էնպես չի, որ բերք չի եղել։ Մեր հողերն էլ այդքան բերքառատ չեն, 3-4 կարգի հողեր են»,- հավելեց համայնքի ղեկավարը։









































