«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրեն Գարեգին Չուգասզյանը։
– Ինպե՞ս եք այսօր գնահատում Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա զարգացումները:
– Ցավոք, կորցրել ենք տեսլականը: Այն գրավոր փաստաթուղթը, որ կոչվում է Էլ. հասարակության ստեղծման ռազմավարություն, հենց սկզբից մենք չենք ընկալել որպես հաջող փաստաթուղթ, որն իսկապես կարող է հաջողության բերել: Այն սկզբից ևեթ ուներ ոչ իրատեսական նպատակներ և հիմնավոր չէր և, ի վերջո, վերածվեց թղթի կտորի, որը ոչ ոք այլևս լուրջ չի ընդունում: Ինչ-որ առանձին կետեր ընթացքի մեջ են, բայց որպես ռազմավարություն, որպես իրականացվող ծրագիր՝ այն գոյություն չունի: Դա համարում եմ թե՛ ձախորդ ռազմավարություն, թե՛ ձախորդ ռազմավարության էլ ավելի ձախորդ իրականացում:
– Որո՞նք են այդ ձախողման պատճառները: Ինչո՞ւ հայեցակարգի ընդունումից 10 և ռազմավարության ընդունումից 4 տարի անց հպարտանալու շատ բան չունենք:
– Ռազմավարությունը մշակելիս այն չեն համեմատել մեր հարևան երկրների՝ Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի հետ, այլ համեմատում էին միայն այնպիսի երկրների հետ, ինչպիսին է, օրինակ Սինգապուրը՝ մոռանալով, որ տարածաշրջանում ընթացող զարգացումներն առավել կարևոր են մեզ համար: Անմիջական հարևաններից կարելի է շատ բան սովորել: Օրինակ՝ Վրաստանը բավական գրավիչ բիզնես կլիմա է ստեղծում, բավական լուրջ ծրագրեր են իրականացնում, այն դեպքում, երբ նրանք ՏՏ-ում ամենաթույլն էին:
Անընդունելի է, երբ խոսում են տեղեկատվական հասարակությունից ու մոռանում դպրոցը: Այս տարվանից Վրաստանի անխտիր բոլոր առաջին դասարանցիները և ավագ դպրոցների աշակերտները դյուրակիր համակարգիչներ (նոթբուքեր) են ստանում: Ինչո՞ւ պետք է Հայաստանում նմանատիպ ծրագիր չլինի, կամ լինելու դեպքում՝ լինի «էլիտար»: Ասում են՝ դպրոցներում ավարտեցին ինտերնետիզացիան. մի դասասենյակում համացանցին միացված համակարգիչներ են դնում, և հարց է՝ երեխան շաբաթը գոնե մեկ անգամ կմտնի՞ այնտեղ, թե՞ ոչ: Կամ, օրինակ 2005 թ. ստեղծվել են «Արամ Խաչատրյան. կյանքն ու գործը» և Մեծ եղեռնին նվիրված էլեկտրոնային դասագրքերը, որոնք աշխարհի էլ. բովանդակության 20,000 նախագծերի մեջ ճանաչվել են լավագույնը: Կրթության բնագավառում համաշխարհային ձեռքբերում համարվող գործերը 6 տարում այդպես էլ չարժանացան հանրապետության դպրոցներում ներդրվելու պատվին: Նշանակում է՝ շղթայում լուրջ խցանում կա: Կարծում եմ, որ իրականում լճացման երևույթներ են նկատվում ՏՏ ոլորտում: Հայաստանում ՏՏ ոլորտի բուռն աճը սկսվեց 1990-ականների վերջից, հետո հասավ մի վիճակի, երբ համակարգային փոփոխություններ էին հարկավոր, ոլորտը պետք է ընկալվեր որպես կլաստեր՝ այսինքն համախումբ՝ կազմված կրթություն, գիտություն, բիզնես միջավայր, արտադրություն օղակներից, և որպես շղթա էլ աշխատեր: Սակայն արժեշղթային մոտեցումը Հայաստանում տեղապտույտ տվեց: Երբ հասել էինք 5-6 հազ. աշխատատեղի, ու պետք էր մտածել 40 հազ. աշխատատեղ ունենալու մասին, դա հնարավոր չեղավ, քանի որ ՏՏ ֆակուլտետներում միայն ուսանողների թիվն էինք ավելացնում: Պետք էր համալիր ծրագիր, որ բոլոր բուհերում այդ ամենը դասավանդվեր, որ զանգվածաբար կադրեր ունենայինք, և ոչ միայն ինժեներական, այլև՝ հումանիտար: Ի՞նչ ռեսուրսների հաշվին: Իրականությունն այն է, որ Հայաստանը անհրաժեշտ ռեսուրսների պակաս չուներ. տեսեք, օրինակ, Քըրք Քրքորյանը Հայաստանի համար նախատեսված 200 մլն դոլար տվեց մի ամերիկյան համալսարանի: Եթե այդ գումարները նպատակային ծախսվեին ու ներդրվեին մեր համալսարաններում, մենք այսօր կունենայինք պայթունաձև աճ: Իսկ ՏՏ-ն բոլոր ասպարեզներում է արդյունավետությունը բարձրացնում և մուլտիպլիկատոր ազդեցություն ունի: Այսօր մենք կորցնում ենք ոչ միայն այդ 200 մլն-ը, այլև, կարծում եմ, այն 4-5 միլիարդ դոլարը, որը շուտով կտակվելու է: Թող ոչ ոք չասի՝ փողի պակաս կա: Իսկ շարքային սփյուռքահայերի գումարը կարող էր շատ ավելի շատ լինել, եթե ծրագրերը ճիշտ, վստահելի և կոռուպցիայից զուրկ լինեին: Համատարած կոռուպցիայի պայմաններում վստահությունն չկա, բնականաբար, փողն էլ պակասում է: Գոնե կրթության ասպարեզում պետք է սոցիալական քաղաքականություն իրականցվեր հենց ՏՏ ուղղությամբ: Միայն շուկան չի կարող ապահովել նորարարության վերելք: Չի կարելի էլիտար նորարարության քաղաքականություն իրականացնել և հուսալ, որ փոքր Հայաստանը կարող է մրցել հարևան երկրների հետ: Մենք պետք է դնեինք փոխլրացնող երկու նպատակ՝ նորարարություն և համերաշխություն: 2 մլն բնակչություն ունեցող երկիրը չի կարող դեմոգրաֆիական հրաշք ապահովել, առավել ևս այս խայտառակ արտագաղթի պայմաններում, բայց կարող է արդյունավետության խնդիր դնել, և որ ոչ թե 5-6 հազ. մարդու արդյունավետությունը 10-20 անգամ գերազանցի հարևաններին, այլ ամբողջ ժողովրդի արդյունավետությունը միջինում այդքան բարձրացվի:
Այ, դա կլիներ արժանի ռազմավարական նպատակ: Խնդիրների հիմքում ես տեսնում եմ քաղաքականության սխալ դրվածքը, որ ՏՏ ոլորտը պատկերացվում է որպես մի էլիտար «աղանդե, իսկ մնացած բնակչությունը կտրված է այդ ամեն ինչից: Բայց այն, որ այս դժնդակ պայմաններում ինքնահոսով 180 հազ. մարդ արդեն իսկ Facebook սոցցանցում է, խոսում է հասարակության պոտենցիալի մասին:
– INSEAD-ի համաձայն՝ տնտեսությունում կիրառվող նորարարությունների առումով Հայաստանը նախորդ տարիների համեմատ բարելավել է դիրքերը՝ առաջ անցնելով Վրաստանից և Ադրբեջանից: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
– Կան բազմաթիվ ինդեքս-համաթվեր աշխարհում՝ հեղինակավոր և նվազ հեղինակավոր: Ամենահեղինակավոր World economic forum-ի գնահատականով, ՏՏ տարածման, բիզնեսների կողմից օգտագործման առումով մեր դիրքերը տարեցտարի վատանում են: Մենք տարածաշրջանում վերջին տեղում ենք, համաշխարհային 100-յակից ցած:
– Բիզնես սկսելու և վարելու տեսակետից ի՞նչ խնդիրներ եք տեսնում:
– Հայաստանում, մնացած ոլորտների համեմատ, բիզնես միջավայրը ՏՏ ոլորտի համար մի քիչ ավելի բարենպաստ է, որովհետև այն վիրտուալ է, չունի շատ բարդություններ, քիչ ծախսատար է և դրանով առավելություն ունի մյուս բիզնեսների համեմատ: Սակայն այս ոլորտում ռիսկայնություն կա, իսկ ռիսկային կապիտալը Հայաստանում բացակայում է: Մարդիկ չեն կարող գնալ բանկից փող վերցնել այս տիպի բիզնեսների համար: Աշխարհում բարձր տեխնոլոգիան միայն վենչուրային կապիտալի միջոցով է ֆինանսավորվում: Սիլիկոնային հովտում 2007 թ. ԱրմԹեք կոնգրեսը վեր հանեց այն խնդիրները, թե ինչ տիպի ենթակառուցվածքներ են պետք, որպեսզի շղթան գործի: Օրինակ՝ բիզնես օղակի ռիսկային կապիտալի հատվածը պարտադիր չէ, որ Հայաստանում լինի: Մասնավորապես՝ Էստոնիան ԱՄՆ-ում Վաշինգթոնում իր դեսպանությունը պահելուն զուգահեռ Սիլիկոնային հովտում ներկայացուցչություն ունի: Մենք՝ ոչ: Սիլիկոնային հովտում հայկական հին գաղութ կա, անգամ Սիլիկոնային հովտի սենատորը հայ է: Այդ հանգամանքները բացարձակապես չօգտագործվեցին: Մենք չենք օգտագործում այն ցանցը, միակ դրական բանը, որ բնականորեն առաջացել է Մեծ Եղեռնից հետո: Կարելի է գրանցել ՀՀ-Սփյուռք հարաբերությունների բացարձակ ձախողումը ՏՏ ոլորտում՝ Սիլիկոնային հովտում մեր տարեցտարի բացակայությամբ:
– Ներկայումս, Ձեր կարծիքով, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն ՏՏ ոլորտը զարգացնելու համար:
– Բոլոր փոքր նախաձեռնությունները, ընկերությունները, որ դեռ շնչում են, պետք է պահպանվեն: Դա արժեք է, այս էկոլոգիան պետք է փայփայել ամեն կերպ, որովհետև արտագաղթը այստեղ էլ է խոցում: Մարդիկ գնում են ոչ թե այն պատճառով, որ վատ են վարձատրվում, այլ այն պատճառով, որ Հայաստանի ներկայիս «կառավարիչներիե հետ հեռանկարներ չեն կապում: ՏՏ-ն չի կարող լինել անապատում, որտեղ հուսահատություն է: Նախ և առաջ պետք է առողջանա օրգանիզմը, որովհետև հիվանդ օրգանիզմը չի կարող երկար ժամանակ նման բարձր որակի միավոր կրել իր մեջ, իսկ դրա քայքայումը կնշանակի Հայաստանի վերջը: Նման տարածաշրջանում Հայաստանի դերը միայն նորարարության դրոշակակիր լինելն է: Դրա համար այս երկիրը կառավարող մարդիկ պետք է համապատասխանեն այդ պատկերին: Օլիգարխները չեն կարող խոսել բարձր տեխնոլոգիաներից: Օլիգարխիան չի կարող է դառնալ նորարարական, իսկ փոքրաթիվ նորարար խավը չի կարող ապահովել երկրի գոյությունը 100 մլն-անոց երկրների կողքին: Հայաստանցու արդյունավետությունը միջինում պետք է հավասար լինի 15-20 մերձավորարևելքցու կամ կովկասցու արդյունավետության, որպեսզի մեր 2 մլն-անոց ժողովուրդն ունենա 50 մլն-անոց ժողովրդի ուժ՝ իրենից մեծ երկրների հետ մրցակցելու համար: Վրացիները ցույց տվեցին, որ կոռուպցիան կարող է 4 տարում վերանալ: Այս երկիրն էլ կարող է մաքրվել: Խնդիրը քաղաքական կամքի պակասն է: Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ կամ պետք է պատրաստվի վերանալու, կամ թռիչքի, երրորդը տրված չէ: Սողացող հասարակության մեջ բարձր տեխնոլոգիական առաջընթաց չի կարող լինել:
– ՀՀ իշխանությունները որպես օրինակ ընտրել են Սինգապուրը: Ձեր կարծիքով, ո՞ր պետության հետ կարելի է համեմատել ՀՀ ներկայիս դրությունը, և ո՞ր պետության ճանապարհով է նախընտրելի շարժվել:
– Անհրաժեշտ են տարբեր երկրների փորձերի ուսումնասիրություններ, այդ թվում՝ նաև Սինգապուրի: Ինչպես արդեն նշեցի, անհրաժեշտ է համեմատվել նաև անմիջական հարևանների՝ Թուրքիայի, Վրաստանի, Իրանի, ինչու չէ՝ նաև Ադրբեջանի հետ: Թուրքերը կրթության բնագավառում մեծ հաջողությունների են հասել: Նույնը Վրաստանին է վերաբերում: Մենք օլիմպիադաներում նահանջ ունենք: Սա սոցիալական քաղաքականության հետևանք է: Սինգապուրի հետ համեմատվելուց առաջ պետք է հարևանիդ նայես: Մենք ներկայություն ունենք աշխարհի լավագույն համալսարաններում, բայց ոչ մի կերպ չենք օգտագործում դա: Սփյուռքահայերին հրավիրում ենք տուն: Բայց արդյոք եկողները գո՞հ են: Ինչո՞ւ 10 տարում խնդիրները չեն լուծվում: Հաջողված «Վիասֆերե տեխնոպարկի փորձը ինչո՞ւ չի տարածվում Հայաստանում, այն դեպքում, երբ անհասկանալի և նախապես անհաջողության դատապարտված տեխնոպարկ է կառուցվում Գյումրիում: Վրացին հայկական բիզնես է տանում Վրաստան, իսկ հայը չի կարողանում սփյուռքահայերին բերել: Իրական խնդիրը պետականության բացակայության մեջ է: Պետք է գիտակցել, որ դեռ չունենք պետականություն, և այն դեռ նոր պետք է ստեղծենք:










































