Թավշյա հեղափոխությունից երկու տարի անց էլ, պարզվում է, իշխանության համար օրախնդիր է մնում կադրերի հարցը։ Կադրեր, որոնք կարող են պետական համակարգում իրականացնել բարեփոխումներ, ոչ թե պետական համակարգը դիտարկել որպես «կթու կով»։ Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համախոհները բարեփոխումների հարցում նրա դանդաղկոտությունը վերագրում են նախկինների նկատմամբ թավշյա մեթոդներ կիրառելուն, ավելորդ հանդուրժողականությանը, ապա նախկին ռեժիմի ներկայացուցիչներն էլ մեղադրանքներ են հասցեագրում փորձառու կադրերին անտեսելու, դուրս մղելու, նրանց անփորձ նորերով փոխարինելու համար։
«Մենք ասել ենք՝ վենդետաներ չեն լինելու, և շանս ենք տվել բոլորին։ Բայց հիմա էդ ժամանակը սպառվել ա։ Վենդետաներ էլի չեն լինելու, կադրային ջարդ էլի չի լինելու, բայց պետական կառավարման համակարգը, ես դա անվանում եմ «Սերժի մնացորդներ», էդ մնացորդներից պետք ա մաքրվի»,- օրերս հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
Դեռ որքա՞ն ժամանակ են «Սերժի մնացորդները» դիմադրելու պետական համակարգում բարեփոխումներին, չէ՞ որ հաջողված կադրեր կան տարբեր ոլորտներում, կուսակցություններում, որոնք տարիներ շարունակ պայքարել են նախկին ռեժիմի դեմ։ Եվ արդյոք նրանց տևական դիմադրությունը չի՞ կարող դառնալ ներկա կառավարության ձախողումների պատճառ, եթե անգամ կառավարության նորընտիր, ստեղծարար գաղափարներով աչքի ընկնող անդամներն առաջարկեն բարեփոխումների փայլուն ծրագրեր։
Ինչպե՞ս են վերաբերում վարչապետի հայտարարությանը, կադրային քաղաքականությանը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դեմ պայքարի երկար ճանապարհ անցած քաղաքական տարբեր կուսակցությունների ներկայացուցիչները։
Հայաստանի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը, արձագանքելով վարչապետի հայտարարությանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց․ «Պետական համակարգում կան մարդիկ, որոնք օգտվել են նախկինում, հույսեր էին փայփայում, որ իշխանափոխությունից հետո էլ կշարունակեն օգտվել համակարգի բարիքներից։ Իսկ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունումից հետո էլ շատերն են խառնվել իրար։ Վարչապետը շատ ճիշտ գնահատականներ տվեց։ Կորոնավիրուսը դժվարություններ, իհարկե, ստեղծեց, բայց ուրիշների հետ համեմատած, մեր երկրում ճգնաժամ չկա»։
Հարցին, թե արդյոք հենց վարչապետի մեղքը չէ, որ այսօր էլ պետական համակարգում մնացել են «Սերժի մնացորդները», ՀԺԿ փոխնախագահն արձագանքեց․ «Հիմա, եթե Փաշինյանն իր գալուց անմիջապես հետո սկսեր հեռացնել այդ մարդկանց, ասելու էին՝ կադրային ջարդ է անում, այդ մարդիկ ի՞նչ մեղք ունեն։ Սակայն նրանցից ոմանք ճիշտ չօգտագործեցին անցած երկու տարին, որպեսզի վերադառնան օրինականության դաշտ, աշխատեն օրինականության պայմաններում։ Իսկ կադրային փոփոխությունները պարտադիր են, պետք է լինեն անպայման»։
Գրիգոր Հարությունյանը կարծում է, որ ինչպես ՀԺԿ-ում, այնպես էլ այլ կուսակցություններում, կան անհրաժեշտ կադրեր, որոնք կարող են փոխարինել «Սերժի մնացորդներին»։
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբան Նորիկ Եղիազարյանը հիշեցնում է, որ կադրային քաղաքականության մասին ինքը բազմիցս է բարձրաձայնել։
«Խոսքը միայն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կադրերին չի վերաբերում։ Կան կադրեր, որոնք, ունենալով համապատասխան փորձ և գիտելիքներ, պատրաստակամություն են հայտնել աշխատելու նոր իշխանությունների օրոք, և եթե նրանց աշխատանքում չկան էական թերություններ, թող շարունակեն աշխատել։ Եթե, իհարկե, նրանք հանցավոր անցյալ չունեն։ Այսօրվա կադրային քաղաքականությունը ես համարում եմ արատավոր, թերի»,- նշեց Նորիկ Եղիազարյանը։
Նորիկ Եղիազարյանը նշեց, որ ինքը, անկախ ամեն ինչից, զբաղված է կառավարությանը կառուցողական առաջարկներ ներկայացնելով։
«Ես ինքս ներկայացրել եմ կառուցողական առաջարկ։ Անգամ կենսաթոշակները տասը տոկոս բարձրացնելու պարագայում այսօր նվազագույն աշխատավարձից ցածր գումար կենսաթոշակ ստացող մեր տարեց քաղաքացիները դասվում են ամենախոցելի խմբերի շարքին։ Եկեք այդ մարդկանց էլ մի լավություն անենք․ 50 հազար դրամից պակաս կենսաթոշակ ստացողներին մեկ ամսվա կենսաթոշակով պարգևատրենք։ Նրանք այսօր ծանր սոցիալական վիճակում են»,- ասաց մեր զրուցակիցը։
Իրավաբանը հիշեցնում է, որ ժամանակին ինքը մի քանի անգամ սոցցանցերում վարչապետի, ԱԺ նախագահի, ԱԺ փոխնախագահների էջերին ուղարկել է առաջարկություններ, նշել, որ ինքը պատրաստ է անհատույց աջակցել նրանց, իրեն ո՛չ պաշտոն է պետք, ո՛չ վարձատրություն։
Նորիկ Եղիազարյանն ափսոսում է, որ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որը լավատեղյակ է տնտեսության ոլորտից, ունի աշխատանքային մեծ փորձ, ներգրավված չէ պետական շինարարության մեջ։
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ Աշոտ Մանուկյանը կարծում է, որ կադրային քաղաքականությանը վերաբերող հարցերը պետք է ուղղել անձամբ Նիկոլ Փաշինյանին և իմանալ, թե ինչու է նա այդ կերպ վարվում։
«Դուք տեսնում եք, որ կադրային քաղաքականության պատճառով «սայլը տեղից չի շարժվում», կան ձախողումներ։ Թե ինչու են առ այսօր շարունակում պաշտոնավարել Սերժ Սարգսյանի կադրերը, ինչու գլոբալ, համակարգային փոփոխություններ չկան, տնտեսությունը չի զարգանում, հեղափոխությունը դոփում է տեղում՝ այդ պատասխանները պետք է տա Փաշինյանը»,- ասաց Աշոտ Մանուկյանը։
ՀԱԿ վարչության անդամը կարծում է, որ երևի ոչ մի կուսակցություն չունի այն կադրային բանկը, որքան՝ ՀԱԿ-ը։
«Մեր անդամները եղել են և՛ իշխանության մեջ, և՛ հեղափոխության ճանապարհով են անցել, կայացած, կոփված կադրեր են»,- ասաց նա։










































