Շաբաթ օրը՝ ապրիլի 12-ին, Արցախում հայտարարվեց արտակարգ իրավիճակ՝ պայմանավորված կորոնավիրուսի դեպքերի աճով։ Բակո Սահակյանի հրամանագրից հետո մասնագիտական շրջանակներում կրկին ակտիվացավ բանավեճը՝ արտակարգ դրությո՞ւն, թե՞ արտակարգ իրավիճակ։
Հայաստանում ևս, երբ մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրության իրավական ռեժիմ, պնդումներ կային, որ իրավիճակն ամբողջությամբ տեղավորվում էր «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի շրջանակներում, և Հայաստանում ևս պետք էր արտակարգ իրավիճակ սահմանել, այլ ոչ թե արտակարգ դրություն, քանի որ այս երկու ռեժիմների առաջ բերած սահմանափակումները բավականին տարբեր են։ Իսկ Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, որպեսզի հետաձգվեր ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։
Արցախում, սակայն, ապրիլի 14-ին նշանակված նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա, քանի որ արտակարգ իրավիճակը չի նախատեսում ընտրությունների, հանրաքվեների չեղարկում։
Մյուս կողմից, սակայն, Արցախի օրենսդրությունը թույլ չի տալիս արտակարգ իրավիճակով պայմանավորված երկրում արտակարգ դրություն սահմանել։ Արտակարգ դրություն Արցախում, օրենքով սահմանված կարգով, սահմանվում է միայն պատերազմական վտանգի սպառնալիքի, ռազմական գործողությունների իրականացման դեպքում։
Մյուս կողմից էլ, որոշ իրավաբաններ խնդրահարույց են համարում նաև արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին նախագահ Բակո Սահակյանի հրամանագիրը։ Նման կարծիքի է նաև փաստաբան Գագիկ Թավադյանը։ Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ուսումնասիրելով Արցախի Սահմանադրությունն ու օրենքները, գտնում է, որ արտակարգ իրավիճակ հայտարարելու վերաբերյալ Արցախի նախագահի հրամանագիրը իրավական առումով, մեղմ ասած, խնդրահարույց է։ Բանն այն է, որ Արցախի Սահմանադրությամբ՝ 133 հոդվածով՝ ի տարբերություն ՀՀ Սահմանադրության, նախատեսված է նաև արտակարգ իրավիճակի ռեժիմ: Համաձայն Արցախի Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի՝ արտակարգ իրավիճակի ռեժիմը սահմանվում է օրենքով: Սակայն Արցախում չկա «Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի մասին» գործող օրենք: «Նման պարագայում Արցախի նախագահը հիշյալ հրամանագիրն ընդունել է՝ ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 1-ին և 5-րդ հոդվածներով: Մինչդեռ օրենքը, որով ղեկավարվել է Արցախի նախագահը, չի կարգավորում արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի վերաբերյալ այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսիք արտակարգ իրավիճակ հայտարարելու կարգն է, նախագահի հրամանագրի բովանդակությունն է, արտակարգ իրավիճակի գործողության ժամկետն է, դադարումն է, իրավունքների և ազատությունների սահմանափակման կարգն ու սահմաններ են, կառավարման հատուկ մարմիններն են և այլ կարևորագույն կարգավորումներ։ Ես չեմ ասում, որ անպայման պետք է Արցախում արտակարգ դրություն հայտարարվեր, ես ասում եմ, որ արտակարգ իրավիճակ հայտարարելու վերաբերյալ օրենսդրական հիմքերը չկային։ Իսկ Սահմանադրությամբ նշվում է, որ դա օրենքով պետք է սահմանվի, իսկ Արցախում նման օրենք չկա ընդունված, այս պահին նման օրենք չկա»,- ասաց Թավադյանը՝ հավելելով, որ երբ ընթերցում ենք Բակո Սահակյանի հրամանագրի տեքստը, ծանոթանում սահմանափակումների ցանկին, ապա պարզ է դառնում, որ այդ սահմանափակումները կարող են լինել միայն արտակարդ դրության պայմաններում։ Մասնավորապես, մեր զրուցակից խոսքերով, արտակարգ իրավիճակի հրամանագրով, օրենքի բացակայության պայմաններում և միայն նախագահի հրամանագրով չեն կարող կարգավորվել այնպիսի նորմեր, ինչպիսիք են, օրինակ, մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումները, կամ ԶԼՄ-ների առանձին հրապարակումների ու հաղորդումների արգելանքը, պարետատան ստեղծում ու պարետ նշանակելը և այլն։ «Իսկ նման սահմանափակումներն ուղղակի նշված են արտակարգ իրավիճակ հայտարարելու հրամանագրում, բայց այդ սահմանափակումները կարող են կիրառվել միայն արտակարգ դրության պայմաններում։ Հետևաբար, Արցախի իրավասու մարմինները չեն կարող արտակարգ իրավիճակի մասին հրամանագրի հիմքով սահմանափակել մարդկանց իրավունքներն ու ազատությունները»,- եզրափակեց Գագիկ Թավադյանը։
Արցախում ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող Դանիել Իոաննիսյանը ևս ֆեյսբուքյան իր էջում արձանագրել էր այս խնդիրը՝ մասնավորապես գրելով. «Իրավաբանության ակսակալ Հրայր Թովմասյանի գրած Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ՝ երկրում կարելի է հատուկ իրավական ռեժիմով սահմանափակել բազմաթիվ իրավունքներ ու դա չի ենթադրում ընտրությունների չեղարկում կամ հետաձգում»։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Սահմանադրությունը ընդունվել է 2017 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ։ Հեղինակը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն է։








































