Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Վանիկ Ղ.-ի գործով դատախազության բերած բողոքը՝ հիմնարար խախտման հիմքով:
Այս գործը քննվել է հեռավոր 2009 թվականին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Խաչիկ Հովհաննիսյանի նախագահությամբ:
1958 թվականին ծնված Վանիկ Ղ.-ն նախկինում չորս անգամ դատապարտվել էր:
Չորրորդ անգամ Վանիկ Ղ.-ն Մոսկվայի քաղաքային դատարանի 1991 թվականի դատավճռով 13 տարի ազատազրկման էր դատապարտվել ավազակային հարձակման, շահադիտական դրդումներով սպանության համար: 2001 թվականի օգոստոսին նա պայմանական-վաղաժամկետ՝ պատժի 1 տարի 9 ամիս 8 օրը չկրած, ազատ է արձակվել, վերադարձել է Հայաստան: Բնակվել է Երևանում ու Արտաշատում, որտեղ հաճախ հանդիպել է միայնակ ապրող իր ընկերոջը:
2003 թվականի մարտի 27-ին, ըստ դատական ակտի, Վանիկ Ղ.-ն մի խումբ ընկերների հետ Արտաշատում ճաշկերույթի է մասնակցել, որից հետո իր ընկեր Գագիկի հետ գնացել է խանութ, օղի ու սննդամթերք են գնել ու գնացել են Ռազմիկ Ղ.-ի տուն: Այնտեղ օղի են խմել, հաց են կերել: Երբ օղու շիշը դատարկվել է, Վանիկ Ղ.-ն, ըստ դատական ակտի, նորից գնացել է խանութ՝ օղի գնելու: Այդ ժամանակ խանութում են եղել խանութի տնօրենն ու մի քանի տղամարդ, այդ թվում՝ Էդիկ Մ.-ն: Վերջինիս հետ Վանիկ Ղ.-ն ծանոթ էր, նրա հետ խոսակցության մեջ է մտել: Խոսակցությունը վերաճել է վիճաբանության, քաշքշուկի, որի ժամանակ օղու շիշը Վանիկի ձեռքից ընկել ու ջարդվել է: Խանութի տնօրենը Վանիկին ու Էդիկին դուրս է հրավիրել խանութից: Նրանք դուրս են եկել ու շենքի բակում շարունակել են վեճը: Վիճաբանության ձայներից բակ է իջել Վանիկի ընկեր Գագիկը, միջամտել է վեճին ու Վանիկի հետ միասին ծեծել է Էդիկ Մ.-ին:
Ըստ դատական ակտի՝ Գագիկն և Վանիկը ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել Էդիկ Մ.-ին: Երբ Գագիկը մի քանի անգամ հարվածել է Էդիկին, Վանիկը պահանջել է, որ նա հեռանա՝ ասելով, թե դա իր խոսակցությունն է Էդիկի հետ: Դրանից հետո Վանիկը շարունակել է բռունցքներով ու ոտքերով հարվածել Էդիկին, նաև այն բանից հետո, երբ նա ընկել է գետնին: Գլխուղեղի ծանր վնասվածքներ ստանալով՝ Էդիկ Մ.-ն տեղում մահացել է: Վանիկն ու Գագիկը հեռացել են:
Գագիկը բերման է ենթարկվել հաջորդ օրը՝ 2003 թվականի մարտի 28-ին: Իսկ Վանիկը Հայաստանից հեռացել, նորից գնացել է Ռուսաստան: Հայտնաբերվել է տարիներ անց՝ 2008 թվականին, վերադարձվել է Հայաստան ու կանգնել է դատարանի առաջ:
Վանիկ Ղ.-ն առաջադրված մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 15-րդ կետերով, չի ընդունել:
Հայտնել է, որ խանութ էր մտել Գագիկի հետ: Այդ ժամանակ ինքը ոգելից խմիչք օգտագործած վիճակում չէր: Ինքը քաղցրավենիք էր ընտրում՝ բարեկամի տուն տանելու համար, այդ ընթացքում Էդիկ Մ.-ի ու Գագիկի միջև խանութում վիճաբանություն էր առաջացել: Ինքը սաստել է նրանց, ասել է՝ ամոթ է, վերջ տվեք: Տնօրենը Էդիկին դուրս է հանել խանութից, իսկ իրենց խնդրել է մի քանի րոպե ուշ դուրս գալ, որ վիճաբանությունը չշարունակվի: Խանություն եղած ժամանակ ինքը մի գավաթ գարեջուր է խմել: Հետո Գագիկի հետ դուրս են եկել: Գագիկը հեռացել է: Ինքն էլ գնացել է բարեկամի տուն: Կես ժամ մնացել ու դուրս է եկել: Եվ տեսել է, որ մի երիտասարդ օգնում է գետնին ընկած մի մարդու: Մոտեցել ու հարցրել է, թե ի՞նչ է պատահել: Երիտասարդն ասել է, թե ընկածը Էդիկն է, վատ է զգում, խմած ու հիվանդ է, վերջերս էլ ինֆարկտ է տարել: Ինքը օգնել է, որ Էդիկին տեղափոխեն պատի տակ, ինքը մոտակա ջրափոսից ջուր է բերել, լցրել նրա վրա, երիտասարդին առաջարկել է զանգել շտապօգնություն: Քանի որ ինքը նոր էր ազատվել, չկրած պատիժ ուներ, չէր ցանկանում քաշքշուկի մեջ ընկնել, ու խնդրել է, որ այդ երիտասարդը ոչ ոքի չասի իր մասին: Գնացել է մեկ ուրիշ բարեկամի տուն, իսկ վերադարձին հանդիպել է երկու ծանոթի, որոնք ասել են, թե Էդիկը մահացել է: Ինքը Արտաշատից մեկնել է Երևան, իսկ ապրիլի 10-ից հետո մեկնել է Վրաստան, այնտեղից էլ՝ Մոսկվա, հետո մեկնել է Չելյաբինսկ: Իր՝ հետախուզման մեջ լինելու մասին իմացել է Չելյաբինսկում, երբ իրեն ձերբակալել են:
Վանիկ Ղ.-ն պնդել է, թե գործով վկաներն իրեն անհասկանալի պատճառով ստել են ու իրեն զրպարտում են: Ինքը Էդիկ Մ.-ի սպանության հետ ոչ մի առնչություն չի ունեցել:
Դատարանը, սակայն, եզրակացրել է, որ գործով ձեռք բերված այլ ապացույցներով հաստատվել է Վանիկ Ղ.-ի մեղավորությունը մեղսագրված արարքների համար:
Նույն գործով ավելի վաղ դատապարտված Գագիկ Մ.-ն դատարանում հայտնել է, որ Վանիկն Էդիկին չի հարվածել: Վեճը եղել է իր ու Էդիկի միջև, ինքը ձեռքով երեք-չորս անգամ հարվածել է Էդիկի դեմքին, ոտքով հարվածել է նրա ոտքին: Չի հիշում, թե ովքեր իրենց բաժանել են: Էդիկն ասել է, թե վատ է զգում, սիրտը լավ չէ: Հավաքվածները նրան պառկեցրել են գետնին, իսկ ինքը գնացել է տուն: Հաջորդ օրը իրեն տանից բերման են ենթարկել:
Նույն Գագիկը ժամանակին նախաքննական ցուցմունքում ներկայացրել էր, թե Վանիկը ներկա է եղել վեճին ու Էդիկին հարվածներ է հացրել, ավելին, իրենից պահանջել է հեռանալ՝ ասելով, թե Էդիկի հետ խոսակցությունը իր խոսակցությունն է: Ինքը հեռացել ու տեսել է, որ Վանիկի հարվածից Էդիկն ընկել է, որից հետո Վանիկը ոտքով հարվածներ է հասցրել Էդիկի գլխին…
Դատարանը հաշվի է առել, որ Վանիկ Ղ.-ն մեղսագրված արարքը կատարել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով, նա ակտիվ դեր է ունեցել դեպքի պահին, բացի այդ՝ նախկինում նա դատապարտված է եղել դիտավորյալ սպանության համար, և վերջին պատժից ունի չկրած մաս:
Վանիկ Ղ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 15-րդ կետերով և դատապարտել է… ցմահ ազատազրկման՝ նմանատիպ արարքի համար, եթե նկատի առնվի դատական պրակտիկան, ոչ համաչափ խիստ պատժի: Պատժի սկիզբը՝ 2008 թվականի հուլիսի 5 -ից:
Վանիկ Ղ.-ից հօգուտ տուժողի իրավահաջորդի որոշվել է բռնագանձել 1 միլիոն դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառած վնասի հատուցում:
Վանիկ Ղ.-ից հօգուտ պետբյուջեի՝ որոշվել է բռնագանձել 1 միլիոն 654 հազար 729 դրամ՝ որպես դատական ծախսերի՝ նրան ՌԴ-ից Հայաստան տեղափոխելու համար բյուջեից ծախսված գումարի հատուցում:
Այս դատավճիռը բողոքարկվել է վերաքննիչ դատարան, բողոքը 2009 թվականին մերժվել է, ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնվել է անփոփոխ:
Այնուհետև Վճռաբեկ դատարանը մի քանի անգամ վերադարձրել կամ առանց քննության է թողել այս գործով բերված վճռաբեկ բողոքները:
Ի վերջո՝ 2020 թվականի հունվարի 30-ին հիշյալ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը՝ հիմնարար խախտման հիմքով:
Ներկայումս բողոքը վարույթ է ընդունվել: Այն քննվելու է վերաքննիչ քրեական դատարանում Ս. Մարաբյան, Մ. Պապոյան, Ա. Վարդանյան կազմով:










































