ԵՄ երկրները խստացնում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցները: Իսպանիայում ոստիկանությունը խստացրել է վերահսկողությունը տրանսպորտային միջոցների տեղաշարժի վրա՝ հսկելով, որ մարդիկ հանգստյան օրերին չգնան քաղաքից դուրս: Նրանց տանից դուրս գալ թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում, իսկ աշխատանքի կարող են գնալ նրանք, ում գործունեությունը լիովին անհրաժեշտ է։
Ոստիկանական ջոկատներ են ուղարկվել Լոնդոնի փողոցներ, նրանց խնդիրն էր կանխել մարդկանց կուտակումները և տուն ուղարկել անպատասխանատու քաղաքացիներին, որոնք չեն հետևում կարանտինին: Ոստիկանները դժգոհել են բավարար պաշտպանիչ սարքավորումների բացակայությունից, չնայած այն հանգամանքին, որ նրանք երբեմն ստիպված էին գործ ունենալ ագրեսիվ անցորդների հետ, ովքեր փռշտում և հազում էին:
Իտալիայի իշխանությունները ներմուծել են ծայրաստիճան խիստ միջոցներ՝ հիվանդության հետագա տարածումը կանխելու համար: Չնայած այս շաբաթավերջին այստեղ սպասվող հստակ արևային եղանակին՝ մարդկանց խնդրում են դուրս չգալ: Երկրի բոլոր քաղաքներում ոստիկանությունը հսկում է փողոցները, իսկ Վենետիկում նաև ջրանցքները՝ հսկելով, որ ոչ ոք չխախտի այդ կանոնները:
Պորտուգալիայում բոլոր օդանավակայանները փակ կլինեն մինչև երկուշաբթի, իրականացվում է միայն օդային բեռնափոխադրումներ: Արտակարգ դրությունը կերկարաձգվի այստեղ, ինչպես և սպասվում էր, մինչև մայիսի 1-ը։










































