ՀՀ Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ տնտեսական զարգացման տեմպերի վրա կորոնավիրուսի ազդեցությանը և հնարավոր տնտեսական կրճատումներին։ Պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Կենտրոնական բանկի այն կանխատեսումը, ըստ որի կորոնավիրուսային համաճարակը լուրջ բացասական ազդեցություն կունենա տնտեսական աճի տեմպերի վրա․ 2020 թվականին տնտեսական աճը կկազմի 0.7%, կնվազեն ներմուծման և արտահանման ծավալները, Ռուսաստանից եկող մասնավոր տրանսֆերտները՝ Խաչատրյանը նշեց․ «Բոլոր թվարկված երևույթները ճիշտ են, բնական է, որ Ռուսաստանը նույնպես առերեսվում է այն դժվարություններին, ինչ` Հայաստանն ու աշխարհի մյուս երկրները։ Այսպիսի դժվար տնտեսական իրավիճակի պայմաններում բնական է, որ կնվազան նաև Ռուսաստանից Հայաստան եկող տրանսֆերտները»։