Արտակարգ դրության իրավական ռեժիմում մարդու իրավունքների սահմանափակումներ կարող են մտցվել՝ բխելով այդ դրությունից, և այդ սահմաանփակումները կարող են գործել միայն արտակարգ դրության ռեժիմում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով իրավապաշտպանների մտահոգություններին, որ վարակակիրների շրջանակի մասին օնլայն տեղեկատվություն ստանալու հնարավորություն տվող օրինագիծը մարդու իրավունքների կոպիտ խախտում է:
«Այս տրամաբանությունն ունի նաև արդարադատության նախարարության կողմից բերված նախագիծը: Սակայն ես ունեմ բավականին հստակ վերապահումներ այս նախագծի հետ կապված, որովհետև կարծում եմ, որ նման խիստ սահմանափակումներ մտցնելուց առաջ պետք է հասկանանք, թե արդյոք մնացած բոլոր մեթոդները սպառված են, թե ոչ: Այստեղ հարց է ծագում, թե արդյոք պարետատան բոլոր որոշումներն ի կատար ածվում են իրենց ամբողջական ծավալով, թե ոչ»,-ասաց նա: