Հուլիսի 20-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերին, Հայաստանում ԵԽ Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին, ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի քարտուղար Բաս Քլայնին:
Հանդիպման ընթացքում Առաջին նախագահի խնդրանքով համազեկուցողը ներկայացրեց ԵԽԽՎ սեպտեմբերյան նստաշրջանի՝ Հայաստանին վերաբերող քննարկվելիք խնդիրները և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ գնահատականները:
Առաջին նախագահը շնորհակալություն հայտնեց համազեկուցողներին՝ մարտի 1-ի ոճրագործության բացահայտմանն ուղղված նրանց ջանքերի համար և կարևորեց միջազգային հանրության հետևողական ուշադրությունը՝ սպանությունների բացահայտման հարցում:
Պատվիրակության խնդրանքով նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրեց նաև ներքաղաքական գործընթացները Հայաստանում, մասնավորապես Հայաստանում ժողովրդավարության հաստատման նպատակով իշխանության և ընդդիմության միջև սկսված երկխոսության ընթացքը: Ներկայացվեցին նաև արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների պահանջը, ազատ, արդար և օրինական ընտրություններով Հայաստանում լեգիտիմ իշխանության ձևավորման մեխանիզմները, դրա հետ կապված՝ ընտրական մեխանիզմների բարելավումը: Քննարկվեց նաև կեղծիքների մեխանիզմի և Հայաստանում հաստատված քրեապետական համակարգի փոխկապակցվածությունը:
Զրույցի ընթացքում Կոնգրեսի ներկայացուցիչները բարձրացրեցին նաև միջազգային դիտորդական առաքելության՝ ընտրությունների դիտարկման ներկա ձևերի անարդյունավետությունը և 2000 հոգանոց առաքելության ուղարկման ինչպես նաև մոնիտորինգի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը: Կարևորվեց նաև Հայաստանում հեռուստատեթերի նկատմամբ իշխանության տոտալ վերահսկողության բացառման անհրաժեշտությունը և հեռուստատեսության անկախության ապահովման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Ավետիս Ավագյանը, ինչպես նաև ԵԽԽՎ-ում Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը:






































