Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը, մեկնաբանելով ՀԱԿ-ի և իշխանությունների ձևավորած պատվիրակությունների հանդիպումը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, թե ինքը լուրջ չի վերաբերվում այդ երկխոսությանը։
«Սա համարում եմ անհեռանկար, անարդյունավետ և քաղաքական տեխնոլոգիա՝ ընտրություններին պայմանավորված սցենարով գնալու համար»,- ասաց Ն. Մկրտչյանը՝ ավելացնելով, որ նման պայմանավորված հանդիպումները չեն կարող առողջացնել հասարակական-քաղաքական դաշտը Հայաստանում։
Պատասխանելով հարցին՝ արդյոք հանդիպումները կշարունակվե՞ն, նա պատասխանեց, որ, իր կարծիքով, դրանք կշարունակվեն, քանի որ երկու կողմերն էլ ցանկություն ունեն թեման պահել թեժ, որպեսզի «քաղաքական զարգացումներում երկխոսության թեման չմարի»։
«Քաղաքական դաշտում վակուում է առաջացել՝ ընդդիմադիր դաշտի վակուում։ Թե ինչով դա կլցվի՝ թողնենք հետագա զարգացումներին»,- եզրափակեց մամուլի ազգային ակումբի նախագահը։







































