Փարիզի քաղաքապետարանը հանգստյան օրերին փակել է Սենի ափամերձ գոտին, Հաշմանդամների տան էսպլանադան, Մարսյան դաշտերը, հայտնում է BFM հեռուստաալիքը՝ ոստիկանության պրեֆեկտուրայի մամուլի ծառայությանը հղումով: Սրանք քաղաքում զբոսանքի համար առավել սիրված վայրեր են:
Բացառություն կարվի գետի կամ մյուս երկու վայրերի մոտ բնակվողների, այդ տարածքում տեղակայված հաստատությունների աշխատակիցների և առաքման ծառայությունների համար:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 17-ից ամբողջ երկրում տեղաշարժի 15-օրյա խիստ սահմանափակումներ է մտցրել: Երկրում փակվել են բազմաթիվ ձեռնարկություններ, բացառությամբ մթերային խանութների, բանկերի, դեղատների և վարսավիրանոցների: Քաղաքացիներին թույլատրվում է լքել իրենց տները միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, օրինակ, աշխատանքի գնալու կամ մթերքներ գնելու համար: Նրանցից պահանջվում է ոստիկանությանը ներկայացնել մի ձևաթերթիկ, որտեղ նշվում է տանից դուրս գալու նպատակը:
Կարանտինի սահմանափակումները խախտելու համար 38 եվրոյի չափով տուգանք է նախատեսվում: Առաջիկայում այն կհասնի մինչև 135 եվրոյի:
Ֆրանսիայում հաստատվել է կորոնավիրուսի վարակի 10 995 դեպք, մահացել է 372 մարդ: