Սերբիայում այսօր ձերբակալվել է Խորվաթիայի տարածքում ժամանակին ինքնահռչակ Սերբսկայա Կրաինյի հանրապետության նախագահ Գորան Հաջիչը, որին Հաագայի միջազգային քրեական դատարանը մեղադրում է ռազմական հանցագործությունների մեջ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով Սերբիայի իշխանություններում իր աղբյուրներին:
Հաջիչին մեղադրում են հարյուրավոր մարդկանց սպանությունների և հազարավոր մարդկանց արտաքսման մեջ: Վերջին անգամ նրան տեսել էին 2004 թ. Նովի Սադ քաղաքում: Բոսնիացի սերբերի հրամանատար Ռատկո Մլադիչի ձերբակալությունից հետո Հաջիչը վերջին սերբն էր, ում փնտրում էր Հաագայի դատարանը: