Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, անդրադառնալով Գիտպետկոմի նախագահ Սամվել Հարությունյանի՝ ամսի 18-ին կատարած հայտարարությանը՝ կապված աստղադիտարանում ֆինանսական խոշոր խախտումներ հայտնաբերելու մասին լուրերին, «Առաջին լրատվականի» հետ զրույցում պարզաբանեց, թե ինչի մասին է խոսքը։
«Բանն այն է, որ Բյուրականի աստղադիտարանը ստացել էր հայ-ֆրանսիական ծրագրի ֆինանսավորում 2010 թ. դեկտեմբերին։ Իսկ քանի որ մեր բազային ֆինանսավորումը տալիս են փետրվար-մարտ ամիսներին, մարդիկ մնում են առանց աշխատավարձի ու էլեկտրաէներգիայի, որոշեցինք այդ գումարից փոխարինաբար վճարել էլեկտրաէներգիան ու աշխատավարձեր»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ասել, թե կան ֆինանսական չարաշահումներ, «խիստ անթույլատրելի է»։
Նա տեղեկացրեց նաև, որ ներկայումս այդ գումարների հարցն ամբողջությամբ փակված է։
«Վճարել ենք մեզ համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի ու աշխատավարձի համար՝ իմանալով, որ հետագայում բազային ֆինանսավորումը փոխանցելու են։ Գումարները վերականգնված են»,- պարզաբանեց Հ.Հարությունյանը։






































