Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում առաջին անգամ հայերենով երաժշտական ալբոմ թողարկած պոլսահայ երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուն, ում «Նամակ» տեսահոլովակը մայիսի վերջին հայտնվեց թուրքական առաջատար հեռուստաընկերությունների էկրաններին, հայտարարել է, որ երազում է Անիի ավերակների մոտ երգել հայտնի «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» ստեղծագործությունը։
Սիբիլը նշել է. «Ես ցանկանում եմ դա անել այս հողերին պատկանող հայերենի չանհետանալու համար և դրա համար գործադրելու եմ ամեն ջանք: Երազանքս Անիի ավերակների մոտ հարյուրավոր տարիների պատմություն ունեցող հայկական ժողովրդական երգի կատարումն է»։
Սիբիլը հավելել է, որ ինքն անսահման երջանկացել է, երբ TRT-ն հեռարձակել է հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազի ստեղծագործության հիման վրա նկարահանված իր «Նամակ» տեսահոլովակը, որը դարձավ հայերենով հեռարձակված առաջին տեսահոլովակը.
«Նախկինում հայկական երաժշտական ալբոմներ բերում էին ԱՄՆ-ից ու Հայաստանից, մինչդեռ ներկայումս այստեղից են հայկական ալբոմ տանում այնտեղ։ Դա մեծ հպարտություն է»։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին լույս էր տեսել Սիբիլի «Սիբել» ալբոմը` բաղկացած 12 երգերից, որում ընդգրկված են նաև «Տեր ողորմյա», «Կիլիկիա» և «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգերը, իսկ ալբոմի առաջին երգը հենց «Նամակ»-ն է։
Տեսանյութեր






































