Ուրուգվայի հավաքականը Լուիս Սուարեսի դուբլի շնորհիվ հաղթեց Պերուի ընտրանուն և դուրս եկավ Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչ: Այս խաղում Սերխիո Մարգարյանի սաների մոտ ոչինչ չէր ստացվում, չնայած մրցակիցն էլ աչքի չէր ընկնում առանձնակի ակտիվությամբ:
Հանդիպման ելքը որոշվեց 5 րոպեում: Նախ 53-րդ րոպեին Ֆորլանի հարվածից հետո Ռաուլ Ֆերնանդեսը սխալ ետ մղեց գնդակը, իսկ Սուարեսը, ինչպես միշտ, տեղում էր և այն հեշտությամբ ուղարկեց դարպասը, ապա՝ 5 րոպե անց, նույն Սուարեսը հրաշալի փոխանցում ստացավ Պերեյրայից, շրջանցեց դարպասապահին և երկրորդ գնդակն ուղարկեց նրա պաշտպանած դարպասը:
Մարգարյանի սաներն ամեն կերպ փորձում էին բեկել հանդիպման ընթացքը, սակայն դա նրանց այդպես էլ չհաջողվեց: Ուրուգվայ-Պերու՝ 2:0:
11 տարի անց Ուրուգվայը կրկին Copa America-ի եզրափակիչում է և փորձելու է 15-րդ անգամ հաղթել այս մրցաշարն ու դառնալ Ամերիկայի ամենատիտղոսակիր հավաքականը:






































