ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում Gallup հետազոտական կենտրոնի վերջին ուսումնասիրությունը իրատեսական չհամարեց: Հիշեցնենք, որ Gallup-ի զեկույցի համաձայն, հայաստանցիների շուրջ 63%-ն իր խնայողությունները պահում է ազգային դրամով: 2010 թ. ընթացքում անցկացված հարցումները շուրջ 3 հզ. քաղաքացիների շրջանում պարզել են, որ Հայաստանում դոլարին վստահում է բնակչության 17%-ը, եվրոյին՝ 9%-ը:
«Դա իրականությանը չի համապատասխանում: ՀՀ քաղաքացիները խնայողությունների մասով նախապատվությունը տալիս են դոլարին, երկրորդ տեղում դրամն է, իսկ եվրոն խնայողությունների տեսքով ընդհանրապես գոյություն չունի»,- հավաստեց Բ. Ասատրյանը՝ նշելով, որ հարցումը ցածրորակ է անցկացվել, իրականությունից հեռու է, և որպես վկա բերեց բանկային համակարգում մեր ազգաբնակչության խնայողությունները:
Դոլարիզացիայի բարձր ցուցանիշները բոլոր ժամանակներում համարվել են ՀՀ տնտեսության համար չարիք ու ԿԲ-ն փորձում է դրա դեմ բոլոր միջոցներով պայքարել՝ թողարկեց 100 հզ. դրամ անվանական արժեքով թղթադրամ, բանկային համակարգում սահմանափակեց արտարժութային պահուստների քանակը: Սակայն դրա արդյունքում անցյալ տարվա երկրորդ կեսից սկսված դոլարիզացիայի նվազման միտումներն այս տարվա առաջին եռամսյակում կրկին սկսեցին ավելանալ:
Այսպես, ԿԲ համաձայն՝ 2010 թ. մայիսին արտարժութային (դոլարային) ավանդները փողի զանգվածում կազմել էին 47%, ապա դեկտեմբերին հասան 42.8%-ի, արտարժութային և ընդհանուր ավանդների հարաբերակցության ցուցանիշով դոլարային ավանդները ապրիլի 71.2%-ից դեկտեմբերին հասան 64.3%-ի:
2011 թ.-ի առաջին եռամսյակում արդեն երկու ցուցանիշների մասով էլ դոլարիզացիայի ցուցանիշները կրկին բարձրացել են. դոլարային ավանդները փողի զանգվածում մարտին կազմել են 45.6%, իսկ ընդհանուր ավանդների մեջ՝ 65.1%:








































