Մարտի 1-ից ԱՄՆ Նյու Յորք նահանգի խանութներում և մանրածախ առևտրի այլ կետերում արգելվում է հաճախորդներին մեկանգամյա պլաստիկ տոպրակներ տրամադրել կամ վաճառել, հայտնում է The Chronical-Express-ը:
Նահանգապետ Էնդրյու Կուոմոն նշել է, որ ներկայումս պլաստիկ տոպրակներով լցված են քաղաքի փողոցները, աղբավայրերը, դրանք աղտոտում են նաև ջրավազանները:
Նման կերպ տեղական իշխանությունները մտադիր են բնությունը պաշտպանել այս աղբից՝ լուծելով բնապահպանական խնդիրների մի մասը:
Նշվում է, որ պլաստիկ տոպրակների այլընտրանք կդառնան վճարովի թղթե տոպրակները: Միևնույն ժամանակ, թղթե տոպրակների վաճառքից ստացված հասույթի մի մասը կփոխանցվի շրջակա միջավայրի պահպանության պետական հիմնադրամ:
Նահանգի իշխանությունները հուսով են, որ ձեռնարկված միջոցառումները կնպաստեն նաև այն բանին, որ Նյու Յորքի բնակիչները գնումներ կատարելիս ավելի հաճախ կօգտվեն բազմակի օգտագործման պայուսակներից: