Միացյալ Նահանգներն իրավունք չուներ համաձայնագիր ստորագրել արմատական «Թալիբան» շարժման հետ, հայտարարել է Իրանի արտգործնախարարությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հայտարարության տեքստին հղումով:
ԱՄՆ-ն իրավական հիմք չունի թալիբների հետ խաղաղ պայմանագիր կնքելու և Աֆղանստանի ապագայի խնդիրները սահմանելու համար, ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ Իրանը Միացյալ Նահանգների գործողությունները դիտարկում է որպես Աֆղանստանում իր զորքերի ներկայությունն օրինականացնելու փորձ:
Իրանի դիրքորոշման համաձայն, խաղաղ համաձայնագրերը կարող են ձեռք բերվել բացառապես միջաֆղանական բանակցությունների միջոցով:
Ավելի վաղ, Միացյալ Նահանգները և «Թալիբանը» խաղաղ համաձայնագիր են ստորագրել: Ամերիկյան կողմը պարտավորվել է, որ իր և դաշնակից զորքերը կլքեն Աֆղանստանը 14 ամսվա ընթացքում՝ թալիբների կողմից պայմանավորվածությունները չխախտելու պայմանով: