Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է Գազայում ռազմական օպերացիա սկսելու պատրաստակամության մասին, եթե պաղեստինյան խմբավորումները շարունակեն գնդակոծել Իսրայելի բնակավայրերը։ Այս մասին հաղորդել է վարչապետի մամլո ծառայությունը։
Հաղորդման մեջ ասվում է, որ Արիել քաղաք իր կատարած այցի ժամանակ վարչապետը նշել է, որ Իսրայելը չի հանդուրժի «Համասի» և «Իսլամական ջիհադի» կողմից գրոհները։ Նեթանյահուն սպառնացել է գործի դնել «մասշտաբային ռազմական արշավի ծրագիրը», եթե նրանք լիովին չդադարեցնեն հարձակումները։
«Ես նկատի ունեմ ոչ թե մեկ, երկու օր, այլ ընդհանրապես», – ընդգծել է նա։
Նեթանյահուն նշել է, որ պատերազմը «վերջին միջոցն է», սակայն «եթե ընտրություն չլինի», նա պատրաստ է սկսել այն։