«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունում ոչ մի խոսակցություն չկա կառավարության կազմում հնարավոր կադրային փոփոխությունների վերաբերյալ: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Թբիլիսիի քաղաքագլուխ, «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն՝ տեղեկացնում է Sputnik-ը։
ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության համաձայն՝ Գախարիան շուտով պաշտոնանկ է արվելու: Նրա տեղի համար թեկնածուների թվում դիտարկվում է Գրիգոլ Լիլուաշվիլին, որը զբաղեցնում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը: «Թիմում որևիցե կադրային փոփոխության մասին խոսակցություններ չկան: Եթե լինեն, ապա և՛ դուք, և՛ հասարակությունը այդ մասին կիմանաք: Մենք ունենք վարչապետ Գեորգի Գախարիային: Նա ուժեղ վարչապետ է: Նրա թիմն ամեն օր աշխատում է, որպեսզի պատասխան տա երկրում առկա բոլոր մարտահրավերներին»,- հայտարարել է Կալաձեն:
Հնարավոր պաշտոնաթողության վերաբերյալ լրագրողների հարցի կապակցությամբ Գախարիան նրանց խորհուրդ է տվել սպասել մինչև գարուն, որը սարերի հետևում չէ։