Փոխհատուցումների շուրջ բանակցություններն այն հինգ երկրների անունից, որոնց քաղաքացիներն Իրանում զոհվել են «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing 737-ի ավիաաղետի հետևանքով, վարելու է Ուկրաինան: Այդ մասին փետրվարի 17-ին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարության ղեկավար Վադիմ Պրիստայկոն՝ ելույթ ունենալով աղետի զոհերի հուշահամալիրի բացման արարողությանը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
Փետրվարի 17-ին լրանում է PS 752 չվերթի ուղևորների և անձնակազմի զոհվելու 40 օրը: «Ուկրաինան փոխհատուցումների չափի շուրջ բանակցությունները կվարի բոլոր հինգ երկրների անունից: Եվ այն, ինչի շուրջ կպայմանավորվի Ուկրաինան, վճարվելու է բոլոր երկրների քաղաքացիներին, ներառյալ, ի դեպ, Իրանը: Դա եղել է մեր սկզբունքային դիրքորոշումը»,- լրագրողներին ասել է Պրիստայկոն. հեռարձակումն իրականացրել է «Նաշ» հեռուստաալիքը:
Իրանում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի հիշատակի զբոսապուրակը բացել են «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանում: Ապագա զբոսապուրակի և հուշահամալիրի վայրում տեղադրել են հուշաքար։