Ակնհայտ է, որ գործընթացը խորհրդարանում տեղի է ունեցել իրավական խախտումներով, ակնհայտ է, որ անհրաժեշտ է սահմանադրական փոփոխությունների փորձագիտական եզրակացություն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ որոշման կայացմանը:
«ՍԴ չեն ուզում ուղարկել՝ ասելով, որ ՍԴ-ն տվյալ դեպքում շահագրգիռ մարմին է և կարող է շահերի բախում առաջանալ, ինչն ինձ համար բացարձակ հասկանալի չէ, որովհետև մեր առջև դրված է ՀՀ Սահմանադրությունը, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքը, իսկ այդ օրենքի 25-րդ հոդվածում հստակ նշված է՝ «Հանրաքվեի ժամանակ յուրաքանչյուր ընտրական տեղամասում պատին պետք է փակցված լինի հանրաքվեի դրվող նախագծի տեքստը, որի կողքին պետք է փակցված լինի ՍԴ-ի եզրակացությունը: Սա մեկնաբանելի չէ»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը նաև ընդգծեց, որ Սահմանադրությունը փերֆորմանս չէ, որ ամեն մեկն իր հայացքով ասի՝ գիտեք, արվեստագետի իմ այս հայացքով պետք է այս եզրակացությունը, մյուսն էլ կասի՝ ոչ, պետք չէ: «Այս դեպքում դա իմպերատիվ պահանջ է: Մեր շատ գործընկերներ ասում են, որ կարիք չկա դիմել Վենետիկի հանձնաժողով, որովհետև Վենետիկի հանձնաժողովը 2015 թվականին արդեն իր պոիտիվ դրական դիրքորոշումը հայտնել է այս Սահմանադրության վերաբերյալ, մենք ընդամենը այդ Սահմանադրության մեջ որոշակի փոփոխություն ենք անում: Ոչ, դրա կարիքը կա: Եթե կարիքը չլիներ, ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները, որոնք իմ վստահ համոզմամբ խնդիրը մինչև իրենց հայտարարությունը օպերատիվ քննարկել էին Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ, հանդես չէին գա նման հայտարարությամբ»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը: