Փետրվարի 6-ի գիշերային ժամերի ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցված ուժեղ քամին վնաս է պատճառել Երանոս եւ Ճամբարակ համայնքների տնտեսություններին:
Ինչպես տեղեկացրին Ճամբարակի եւ Երանոսի համայնքապետարաններից, քամու պատճառած վնասների չափերն ուսումնասիրելու եւ ճշգրտելու նպատակով տեղերում աշխատում են մարզպետարանի, մարզի փրկարարական վարչության եւ համայնքապետարանների համապատասխան հանձնաժողովները:
Ինչպես ներկայացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, նախնական տվյալներով, քամին Ճամբարակ քաղաքում վնասել է բազմաբնակարան 5 շենքի տանիք: Առավել շատ տուժել է Տիգրան մեծ փողոցի բազմաբնակարան 7-րդ շենքի տանիքը, որտեղ քամին մոտ 50 տոկոսի չափով պոկել է տանիքի փայտյա ու թիթեղյա մասերը: Վնասվել են նաեւ 15-20 առանձնատան եւ հանրային նշանակության մի շարք շինությունների տանիքներ: Փլվել է Ճամբարակ քաղաքի բնակիչ Վահե Հովհաննիսյանի անասնագոմի տանիքը եւ պատերը, ինչի հետեւանքով մանր եղջերավոր անասունների անկում է տեղի ունեցել:
Երանոս համայնքում, ինչպես տեղեկացրեց համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը, քամին վնասել է թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքի, մեկ անասնապահական համալիրի ու մեկ առանձնատան նախամուտքի տանիքիներին: Թիվ 2 միջնակարգ դպրոցում տանիքը վնասվել է 21 քառակուսի մետր մակերեսով, 10 քառակուսի մետր մակերեսով էլ ջարդվել են լուսամուտների ապակիներ: Ամբողջությամբ, 242 քմ մակերեսով, վնասվել է Հրաչիկ Խանսանամյանին պատկանող անասնապահական համալիրի եւ 16 քմ մակերեսով՝ Պարգեւ Մխեյանի առանձնատան նախամուտքի տանիքը:
Շինություններին պատճառված վնասների հնարավոր չափերը հաշվարկվում եւ ճշգրտվում են:











































