News Georgia-ի փոխանցմամբ՝ այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն անդրադարձել է Աբխազիայում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին.
«Վրաստանը և միջազգային հանրությունն Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության արտահերթ նախագահական ընտրությունները դիտարկում են որպես ապօրինի։ Վրաստանը հատուկ ակնկալիքներ չունի այդ ապօրինի ընտրություններից։
Ելնելով նրանից, որ Աբխազիայի տարածքում ընտրություններ են անցկացվելու Վրաստանի օրենսդրության խախտմամբ՝ այդ ընտրությունները և դրանց արդյունքներն ապօրինի են։ Ընտրությունները տեղի են ունենալու օկուպացման պայմաններում և օկուպացիոն ռեժիմի դիտարկման ներքո։
Աբխազիայի վտարված բնակչության մեծ մասը հնարավորություն չունի մասնակցելու այդ ընտրություններին։ Հետևաբար խախտվում են ընտրությունների օրինականությանն առնչվող բոլոր բաղկացուցիչները»։
Հիշեցնենք, որ Աբխազիայի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու օգոստոսի 26-ին։ Ներկայիս դրությամբ, իրենց թեկնածությունն են առաջադրել 3 թեկնածուներ. նախագահի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Անկվաբը, վարչապետ Սերգեյ Շամբան և ընդդիմադիր «Աբխազիայի ժողովրդական միասնության ֆորում» կուսակցության առաջնորդ Ռաուլ Խաջիմբան։











































